
«Շուշիում Ադրբեջանի դրոշին հավասար կծածանվի նաև Թուրքիայի դրոշը». Չավուշօղլուն

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում Դիվանագիտական համաժողովի փակման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ նախապատրաստական աշխատանքներից հետո Շուշիում կբացվի գլխավոր հյուպատոսություն և որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը աշխատակիցներին հնարավորինս շուտ կուղարկի այնտեղ, գրում են թուրքական լրատվամիջոցները:
«Շուշիում Ադրբեջանի դրոշին հավասար կծածանվի նաև Թուրքիայի դրոշը»,-ասել է Չավուշօղլուն` ընդգծելով, որ գլխավոր հյուպատոսության բացումն առանձնահատուկ նշանակություն ունի:
Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի մասին` Չավուշօղլուն այս փաստաթուղթը անվանել է ապացույց այն բանի, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միությունը կլինի ամենաբարձր մակարդակում:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», – բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները: