Բաժիններ՝

Մինչև քվեարկության օրը իրավախախտման վերաբերյալ 124 դեպքերից 9-ով հարուցվել է քրեական գործ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով մինչև քվեարկության օրը ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։

«246 դեպքից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով ընթացք է տրվել 124 դեպքի, իսկ 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։ 124 դեպքերից 30-ը գրանցվել են Երևան քաղաքում, իսկ մնացած 94-ը՝ հանրապետության մարզերում»,- ասաց Մկրտչյանը։

124 հաղորդումները հիմնականում վերաբերվել են ընտրակաշառք ստանալուն, տալուն, առաջարկելուն, խոստանալուն, տրամադրելուն՝ 35 դեպք, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն՝ 15 դեպք, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն՝ 16 դեպք, լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելուն՝ 2 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելուն՝ 27 դեպք, որից 25 քարոզչական պաստառների վնասման դեպքեր են, խուլիգանության, ծեծի և սպառնալիքի՝ 15 դեպք և այլ բնույթի դեպքեր՝ 13։

«Արձանագրված դեպքերից 67-ն ընտրական իրավախախտումներ են, իսկ 57-ն ունեն այլ բնույթ։ 124 նյութերից ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ, 2-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 25-ն ուղարկվել է նախաքննության, 95 դեպքով նախապատրաստվում են նյութեր»,- հավելեց Ոստիկանության շտաբի պետը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս