Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 483 միջազգային և 8749 տեղական դիտորդներ
ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային և օտարերկրյա 8 կազմակերպությունների 483 և տեղական 19 կազմակերպությունների 8749 դիտորդներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 61 օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են տեղական 68 զանգվածային լրատվամիջոցների 745 ներկայացուցիչ և 50 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների մոտ 135 ներկայացուցիչ»,- ասել է Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ ընտրական տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ և ընդհանուր 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակում։
Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։
Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։