
Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող

ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«500 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում քվեարկության ավարտից հետո»,- ասաց Մուկուչյանը։
Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:
Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։
Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։