Կալիֆոռնիայում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել անոմալ տապի պատճաով
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հունիսի 17-ին հայտարարել է նահանգի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին այն բանից հետո, երբ օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում բարձրացել է ըստ Ցելսիուսի գրեթե մինչեւ 48 աստիճան: Ինչպես նշված է վարչակազմի ղեկավարի կայքում զետեղված որոշման մեջ, գոյություն ունի նահանգի էներգահամակարգի գերբեռնման վտանգ բնակչության կողմից օդորակիչների ակտիվ օգտագործման պատճառով, ինչը կարող է հանգեցնել էլեկտրականության հովհարային անջատումների։
«Անհրաժեշտ է ձեռնարկել գործողություններ, որպեսզի կրճատվի էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը շոգի շրջանում»,- նշել է նահանգապետը: Նա ԱՄՆ-ի ամենամարդաշատ նահանգի բնակիչներին, գրեթե 40 միլիոն մարդ, հորդորել է խնայել էլեկտրաէներգիան, մասնավորապես, մի քանի օր չօգտվել լվածքի եւ ամանալվացման մեքենաներից: Նյուսոմը նաեւ թույլատրել է թուլացնել որոշ բնապահպանական սահմանափակումներ, որոնք կապած են էնեգամատակարարման այնպիսի պահուստային աղբյուների օգտագործման հետ, ինչպիսիք են բենզինային եւ դիզելային գեներատորները:
Անցյալ տարի անոմալ շոգի պատճառով ամռանը Լոս Անջելեսում ջերմաստիճանը հասել էր 49,4 աստիճանի, նահանգի բնակիչներն արդեն զգացել են էներգիայի հովհարային անջատումների հետեւանքները: Ավելի քան 200 հազար կալիֆոռնիացիներ 20 տարվա ընթացքում առաջին անգամ մի քանի օր շարունակ մնացել են առանց էլեկտրականության: Տեղական զանգվածային լրատվամիջոցներն այն ժամանակ քննադատության տարափ են թափել նահանգապետի հասցեին: Բացի դրանից տապի պատճառով նահանգում անցյալ տարի բռնկել են բազմաթիվ հրդեհներ. դրանց ընդհանուր մակերեսը կազմել է 881,4 հազար հեկտար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: