Բաժիններ՝

Մխիթար սեբաստացու տաղերը՝ հայ մշակույթի թաքնված գանձը

…Պատմական Հայաստանի Սեբաստիա քաղաքում 1676 թ. ծնվեց մի մանուկ, ով պիտի դառնար այր իմաստուն: Նա հայոց կյանքի ու հետագա դարերի ճառագող անուններից մեկն էր՝ Մխիթար Սեբաստացի: Երազում էր ստեղծել հոգևոր հաստատություն, որը պետականությունը կորցրած մեր ազգին կկապեր եվրոպական լուսավորությանը և կխթաներ ազգի առաջընթացին, եվրոպացիներին էլ հաղորդակից կդարձներ մեր բազմահազարամյա քաղաքակրթությանը: Երկար դեգերումներից հետո 1717 թ. Վենետիկում ՝ Սուրբ Ղազար կղզում, վառեց հայ քաղաքակրթության ջահը, որը անմար է արդեն 300 տարի:

Մխիթար Աբբահոր հեղինակած տաղերը երկար տարիներ մնացին որպես հայ մշակույթի թաքնված գանձ: Եվ գուցե անհայտ էլ մնային, եթե չլիներ Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, արվեստաբան, գեղանկարիչ Տեր Հարություն վարդապետ Պզտիկյանի և հայ օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի ստեղծագործական համագործակցությունը: Նա դարձավ Մխիթար Սեբաստացու տաղերի առաջին կատարողը:

Սփռելով հայ մշակույթի լույսը

2006-ին Տեր Հարություն վարդապետ Պզտիկյանի աջակցությամբ լույս է տեսնում մի ձայնասկավառակ, որը կարևոր ներդրում է հայ հոգևոր երաժշտության գանձարանում: Հետագայում՝ 2019 թ. ձայնասկավառակը վերաթողարկվեց:

…Ձայնասկավառակի խորագիրը՝ «Մխիթար Աբբահոր և միջնադարյան հայկական հոգևոր տաղեր», մեզ տանում է հայ հոգևոր երաժշտության ակունքներ ու դառնում բանալի՝ մեր ժառանգությունն իր ամբողջության մեջ տեսնելու համար՝ Գրիգոր Նարեկացուց, Ներսես Շնորհալուց մինչև Մխիթար Աբբահայր, մինչև Կոմիտաս, Եկմալյան…

Օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանի և Լևոն Ջավադյանի (երգեհոն) շնորհիվ մոռացումից փրկվել ու սերունդներին մատուցվել են Մխիթար Աբբահոր վեց տաղերը՝ «Երանուհի», «Գովեալ դասուց», «Անճառին խորան», «Աղաչեմ զՔեզ» , «զՔեզ Սուրբ Հայր», «Օրոր», որոնք մի նոր աշխարհ են բացում մեր առաջ:

Մենք բացառիկ առիթ ենք ունեցել զրուցելու նաև երգչուհու՝ Մագդա Մկրտչյանի հետ, ով ներկայացրել է այս ազգաշահ գործի նախապատմությունը.

-Սովորում էի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Տեր Հարություն վարդապետ Պզտիկյանը մեր ընտանիքի հարազատ մարդկանցից է եղել: Երկար տարիներ չէինք հանդիպել: Երբ արդեն իր կողմից Մխիթարյան միաբանություն մեկնելու հրավեր ստացա, դա հետագայում կարևոր էջ դարձավ իմ ստեղծագործական կյանքում:

Ես 2000-2001 թթ. ընթացքում մեկնեցի Իտալիա՝ վերապատրաստման դասընթացների, սովորելու Լուչիանո Պավարոտիի, դիրիժոր Մարիո Մերիգգոյի մոտ: Ապրում էի Մխիթարյան միաբանության վանքում: Հենց այդ ժամանակահատվածում էր, որ Տեր Հարություն վարդապետ Պզտիկյանը ինձ համար բացահայտեց Մխիթար Սեբաստացի Աբբահոր տաղերը, որոնք մինչ այդ ոչ ոք չի կատարել: Հայր Հարությունը տարիներ ի վեր փայփայել էր դրանք ձայնագրելու ցանկությունը: Մեծ խանդավառությամբ ընդունեցի առաջարկը: Ինձ համար շատ կարևոր էին Մխիթար Աբբահոր տաղերի կատարման ավանդույթները: Դրանց ճիշտ հետևելու համար իմ նախաձեռնությամբ սկսեցի աշխատել հայր Մեսրոպի հետ:

-Հարգելի՛ Մագդա, Դուք մինչ այդ աշխարհի բազմաթիվ բեմերում կատարել էիք նաև միջնադարյան հայ հոգևոր երաժշտության գանձերը: Ի՞նչ ազդեցություն թողեցին Ձեր հոգում Մխիթար Աբբահոր տաղերը:

-Ինձ միանգամից գրավեցին այդ ստեղծագործությունների շունչն ու ոգին, նրանց երաժշտությունը: Մտածողությունը եվրոպական է: Տարբերվում է Մեսրոպ Մաշտոցից, Գրիգոր Նարեկացուց, Ներսես Շնորհալուց… Բայց միաժամանակ հայկական է, հոգեհարազատ, ինչը ես կհամարեի՝ ֆանտաստիկ: Մխիթար Աբբահոր տաղերը պարզ են, բայց հենց պարզության մեջ է դրանց հանճարեղությունը:

-Ո՞րն է Մխիթար Սեբաստացու տաղերին մոտենալու գլխավոր սկզբունքը Ձեզ համար, որին պետք է հետևեն նաև հաջորդ կատարողները:

-Ամենագլխավորը՝ աղոթքին պետք է մեղմությամբ, քնքշությամբ մոտենալ: Պետք է կարողանալ ճիշտ տեղ հասցնել դրանց շունչը, ոգին, առանց շտապելու…

Մագդա Մկրտչյանը դեռ մինչև ձայնասկավառակի լույս ընծայումը Մխիթար Աբբահոր տաղերը արդեն հասցրել էր կատարել բազմաթիվ հեղինակավոր բեմերում: Ամենակարևոր իրադարձություններից մեկը եղել է 2006 թ., երբ նշվում էր Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Նա Վատիկանում հնչեցրել է նույն այս տաղերը, Կոմիտասի «Պատարագ»-ը… Համերգին ներկա է եղել Հռոմի Պապ Բենեդեկտ 16-րդը, և ամբողջ համերգը «Տելեպաչե» հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում:

-Ո՞րն է հայ արվեստագետի կոչումն աշխարհում:

-Մենք՝ հայերս, ունենք մշակութային հզոր ժառանգություն: Դրանք արժեքներ են, որոնք ստեղծվել են դարեր առաջ: Մենք պարտավոր ենք քարոզել ու տարածել մեր մշակույթը: Ինքս իմ ստեղծագործական կյանքի ընթացքում կոմպոզիտորների ստեղծագործությունները, միջնադարյան հայ հոգևոր երաժշտությունը: Եվ ամեն համերգից հետո զգացել եմ, թե օտարներն ինչ խանդավառությամբ են ընդունում մեր մշակութային ժառանգությունը, որքան բարձր են գնահատում: Մեր ամենազորեղ կողմը մշակույթն է: Եթե ես այդ հեղինակավոր դահլիճներում չեմ ներկայացնում մեր մշակույթը, արժեք չունեն ճանաչումն ու նվաճած դափնիները: Մենք աշխարհի ժողովուրդների ընտանիքում պետք է կարողանանք պահպանել մեր ազգային դիմագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս