«Միայն անմեղսունակը կարող է այսքանից հետո Փաշինյանին ձայն տալ». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ երեք տարի առաջ մենք ունեինք անվտանգության համակարգ, պաշտպանված երկիր, իսկ երեք տարվա ընթացքում, նրա գնահատմամբ՝ ամեն ինչ հետևողականորեն քանդվեց:
«Այնպիսի ճակատագրական սխալների հերթականություն էր մեր աչքի առջև, որ անգամ ամենաապիկար իշխանությունը չէր կարող այդքան սխալվել: Ուղղակի ակներև է, որ աղետի բերած այս չարիքի իշխանությունն ուղղակի ոչ միայն ծրագրային հարթությունում ոչինչ չուներ, այլև անվտանգության ասպարեզում իրենց պարզամիտ, թրքամետ մոտեցումները գալիս-հանգում են մի բանի՝ սիմվոլիկ բանակ, սահմանների պաշտպանությունը՝ թեկուզ դաշնակից, բայց, այնուամենայնիվ, օտար պետությունների հույսով: Այսինքն՝ դու անգամ քո սահմանները պաշտպանելու առաքելությունը քո վրա վերցնելու ցանկություն չունես: Արցախի մասին առհասարակ խոսք չկա, միայն՝ «ապագա կա» դեմագոգիկ արտահայտություն: Եվ ամենակարևորը՝ իրենց խոսքի մեջ մեկ-մեկ երևացող հայրենասիրական շղարշով փորձում են քողարկել դավաճանությունն ու թրքամետությունը, որովհետև եթե դու ասում ես՝ ապագա կա Արցախում, բայց դեմարկացիայի խնդիր ես լուծում Խոզնավար-Սոթք հատվածում, նշանակում է՝ ընդունում ես, որ այն, ինչ հակառակ կողմին է մնալու, Ադրբեջան է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ գործող իշխանությունների ճակատագրական սխալների արդյունքը եղավ պատերազմը:
«Հետևաբար, խոսել այն մասին, որ այս խեղկատակների ամբոխը կարող է անվտանգության հարցեր բարձրացնել և առավել ևս լուծել, պետք է ուղղակի լինել շատ անմեղսունակ: Կա «Հայաստան» դաշինք, կա «Պատիվ ունեմ» դաշինք, և այստեղ մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր ստեղծել են այդ անվտանգության համակարգը, ստեղծել են պաշտպանված երկիրը, տեր են կանգնել ազատագրված հայրենիքին»,- ընդգծեց նա:
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ այն բոլոր ուժերը, որոնք սպասարկում են գլոբալիստական շահը, պատրաստվում են շատ մեծ վայնասունի. «Ամսի 20-ի երեկոյան մենք դեռ նրանց կաղկանձը լսելու ենք, բայց պետք է շատ լավ գիտակցենք՝ էս մարդիկ քանդել են մեր երկիրը՝ երեք տարի շարունակ, սպասարկում են բոլորովին այլ շահ, և նրանց այդ կաղկանձին, որ անխուսափելիորեն մենք լսելու ենք, ուղղակի պետք է մոտենանք իբրև թշնամական լագերից հնչող մի հերթական խոսքի: Հաշվի առնենք, որ դիմադրություն է լինելու: Անդրօվկիանոսյան ուժերը, որոնք բերեցին Նիկոլ Փաշինյան պատուհասին մեր գլխին, հենց այնպես դիրքերը չեն զիջելու, և այդ կեղծ իրավապաշտպանների կաղկանձը մենք լսելու ենք, բայց բանի տեղ չպետք է դնել, պետք է հետևողականորեն լեգիտիմ ճանապարհով իշխանություն ձևավորել, և ձևավորել պետականակենտրոն քաղաքացիական հասարակություն»:
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյան՝ նշանակում է՝ թուրք-ադրբեջանական տանդեմ. «Եթե նա վերարտադրվի, նշանակում է, որ մենք կորցնում ենք ամեն ինչ: Տեսեք՝ հենց անվանի գործարար Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց Ռոբերտ Քոչարյանին, Բաքվից նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեցին: Ալիևը բոլոր հնարավոր ձևերով թիկունք է կանգնում այստեղի իր խամաճիկին, որը մուրճն առած՝ ընկել է քաղաքից քաղաք ու անհոդաբաշխ ղժղժոց է հանում: Միայն անմեղսունակը կարող է այսքանից հետո սրան ձայն տալ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում