
Կարող եք լիովին վստահ լինել, որ այդ առաջարկություններից շատերն արտացոլվելու են Կառավարության առաջիկա գործունեության ծրագրերում․ Արմեն Գևորգյան

Սիրելի՛ հայրենակիցներ,
ընտրապայքարի մեկնարկին «Հայաստան» դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր համակողմանի նախընտրական ծրագիրը՝ «365 օր, ապագան սկսվում է հիմա» վերտառությամբ:
Այս ընթացքում «Հայաստան» դաշինքի աշխատանքային խումբը բազմաթիվ առաջարկություններ և գործնական դիտողություններ է ստացել մեր քաղաքացիներից: Եվ մեր նախընտրական ծրագիրը լրամշակվում է նաև ձեր առաջարկությունների ներառմամբ։
Այդ առաջարկությունների ամփոփման հետ կապված վերջին օրերի քննարկումների արդյունքում ձևավորվել է 4 փաստաթուղթ, մասնավորապես.
1 . Իրավական և հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարական մոտեցումները
2. ՓՄՁ զարգացման ռազմավարական մոտեցումները
3. Վետերանների հարցերով պետական գերատեսչության վերաբերյալ նախագիծ
4. Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարական մոտեցումները:
Այս փաստաթղթերին կարող եք ծանոթանալ մեր դաշինքի պաշտոնական կայքէջում՝ դաշինք.հայ հասցեով:
Նշենք նաև, որ այժմ ամփոփվում են նաև պետական գնումների ոլորտին վերաբերող առաջարկություններն ու նկատառումները: Ըստ այդմ՝ մշակման փուլում է 5-րդ փաստաթուղթը հետևյալ աշխատանքային անվանմամբ՝ «Վերջին 3 տարիների ընթացքում պետական գնումների ոլորտում ծագած խնդիրները, առկա կոռուպցիոն սխեմաները և դրանք վերացնելու ուղիները»: Այս կարևոր խնդրին վերաբերող փաստաթուղթն ավարտուն տեսք կստանա առաջիկա օրերին:
Սիրելի հայրենակիցներ,
սրտանց շնորհակալ ենք՝ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագրի նկատմամբ ձեր ուշադրության, քաղաքացիական ակտիվության ու վերաբերմունքի և, ինչ խոսք, ձեր ներկայացրած բազմաթիվ առաջարկությունների, դիտողությունների, քննարկումային կարևոր խնդիրներ առաջադրելու համար:
Միաժամանակ, հավաստիացնում ենք, որ մինչ այժմ ներկայացված ձեր առաջարկությունների հետ կապված աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, ինչպես շարունակվում է առաջարկությունների ընդունման, համակարգման գործընթացը:
Կարող եք լիովին վստահ լինել, որ այդ առաջարկություններից շատերն արտացոլվելու են Կառավարության առաջիկա գործունեության ծրագրերում:
Սիրելի հայրենակիցներ,
նաև դրա համար կարևոր է մեզանից յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը հունիսի 20-ի ընտրություններին, ուստի կոչ ենք անում անպայման մասնակցել քվեարկությանը և իրացնել Հայաստանում նոր և պատասխանատու, կարողունակ և ազգային իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը:
Արմեն Գևորգյան