««Բարսելոնան» փոխանակումներ կունենա, ոչ թե սովորական տրանսֆերներ»․ Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ապագա գործարքների մասին:
«Մենք կգտնենք միջոց` չխախտելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
Մենք կունենանք նոր պայմանագրեր: Բայց ոչ սովորական տրանսֆերները։ Այլ ակումբների հետ բազմաթիվ փոխանակումներ կլինեն: Բավականին խաղացողներ կան, որոնք մեզ հետաքրքրում են»,- ասել է Լապորտան:
Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:
Պաշտպան Ժոաո Կանսելոն և կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան կարող են տեղափոխվել կատալոնական ակումբ: Ուսման Դեմբելեն և Սերխիո Ռոբերտոն կարող են «Բարսայից» տեղափոխվել «Ման Սիթի»:
Չնայած երկու ֆուտբոլիստներն էլ պայմանագրեր ունեն «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2025 թվականի հունիսը, նրանք ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»: Բացի այդ, այս խաղացողների շահերը ներկայացնում է գործակալ Ժորժե Մենդեսը, որը գերազանց հարաբերություններ ունի «Բարսայի» ներկայիս ղեկավարության հետ:
Այժմ կատալոնացիները պետք է համոզվեն, որ Դեմբելեն և Ռոբերտոն համաձայն են տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», քանի որ այս ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են 2022-ի ամռանը, և հունվարին նրանք կկարողանան ազատորեն բանակցել ազատ գործակալների կարգավիճակում տրանսֆերների հարցում:
Պեպ Գվարդիոլան վաղուց էր ցանկանում ձեռք բերել Ռոբերտոյին, քանի որ նրան դուր է գալիս ֆուտբոլիստի տակտիկական պատրաստվածությունն ու տարբեր դիրքերում հանդես գալու ունակությունը:
Դեմբելեին դժվար կլինի համոզել համաձայնել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը: «Բարսան» կասկածում է, որ խաղացողը ցանկանում է սպասել գործող պայմանագրի ժամկետի ավարտին և անվճար տեղափոխվել նոր ակումբ: Այսօր ֆրանսիացու գործակալը կհանդիպի ակումբի ղեկավարության հետ, և դա կարող է լրջորեն ազդել հնարավոր գործարքի վրա:
Սիրարփի Աղաբաբյան