«Անհայրենիք և չկայացած դասավանդողները կարող են երկրի համար կործանարար սերմեր ցանել». Հասմիկ Ափյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հասմիկ Ափյանի կարծիքով՝ 2018թ. ապրիլից հետո երկիրը դուրս է եկել իր ուղեծրից:

«Այն իրավիճակը, որում հայտնվել են հայն ու Հայաստանը, իրականում ողբերգական է: Մենք ապրում ենք մեր նորագույն պատմության ամենադժվարին և ողբերգական ժամանակահատվածը: Այս կապիտուլյանտ իշխանությունը տապալել է բոլոր ոլորտներում աշխատանքը: Այդ ամենից անմասն չի մնացել կրթական, մասնավորապես՝ բուհական համակարգը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորի թեկնածուն հիշեցնում է՝ 2018թ. գործող իշխանությունները հայտարարում էին, թե պետք է բուհերը ազատել քաղաքականացված լինելուց, բայց ըստ նրա՝ այդ կոչերն էլ մյուս կոչերի նման զուտ ականջահաճո բառեր էին, իրականում լրիվ այլ իրողության հանգեցրին.

«Այսօր կրթական համակարգն ամբողջովին թաթախված է քաղաքականության մեջ, շատ բուհերի ղեկավարներ դարձել են քաղաքական որոշումներ դակողներ, և այս պարագայում խոսել բուհական ինքնավարությունից, անիմաստ է»:

Անդրադառնալով Փաշինյանի քարոզարշավներին դպրոցականների ներգրավվածությանը՝ նա հետևյալն ասաց.

«Վարչապետի աթոռը զբաղեցնողը, իրականում, իր համար հաճելի տեսարաններ ստանալու համար գնում է ամենատարբեր քայլերի՝ դասերի ժամերին մանկավարժներին բերում է հրապարակ, նրանց հետ են նաև երեխաներ, և նույնիսկ այդ հանգամանքը նրան հետ չի պահում՝ նա այնպիսի բառապաշարով ու բառամթերքով է խոսում, որ մեր քաղաքական խոսույթը հասցնում է պլինտուսի մակարդակի:

Այնպիսի արտահայտություններ են հնչում նրա կողմից և այնպիսի ջղաձգված կեցվածքով, որ նույնիսկ մեզ՝ մեծահասակներիս համար հաճելի չէ նայել: Նա նույնիսկ հաշվի չի առնում, որ իր ելույթները դիտում են ոչ միայն Հայաստանում, թշնամական երկրներում, այլև զարգացած երկրներում, և փաստացի հերթական անգամ նա խաղում է մեր երկրի վարկանիշի հետ»:

Ինչ վերաբերում է երեխաների դաստիարակությանը, նա նշեց, որ, բացի մասնագիտական, մանկավարժական հմտություններից, փորձից, կարևոր է, որ դասավանդողը, առաջին հերթին, լինի հայրենասեր, ազգային արժեքները կարևորող և այդ արժեքներով առաջնորդվող.

«Երբ թողնում ենք՝ լսարան մտնի մի անհայրենիք և չկայացած դասավանդող, նրանք կարող են այնպիսի սերմեր ցանել, որոնց պտուղները կործանարար կլինեն երկրի համար: Եվ փաստացի, որոշակի բացթողումների արդյունքում կան այնպիսի դասավանդողներ, որոնք այնպիսի ապազգային տարրեր են ներդրել, որ մեր երիտասարդներից ոմանք դարձել են հակահայկական քարոզչության տարրեր: Այս իրավիճակը պետք է շտկվի հունիսի 20-ից հետո»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս