Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը
Քարոզարշավի վերջին օրը. բոլոր էմոցիաները պարպված են, բոլոր խելոք և անխելք մտքերը՝ ասված։ Նույնիսկ ընտրությունը, մեծ հաշվով, արդեն կատարված է։ Մնացել է քվեարկությունը։
Շատ պարզ ընտրություն
Մենք ունենք խնդիր՝ մեր պետության կյանքում ու մեր բոլորիս կյանքում բացելու նոր էջ։
Պետությունները նոր էջ են բացել անգամ Բեռլինի անկումից, Հիրոսիմայի ռմբակոծությունից, Բուխենվալդից և այլ սարսափելի իրավիճակներից հետո։ Ողբերգության էջում մնալը նոր ողբերգության անոնս է։
Նոր էջ բացելու իրական հնարավորություններից մեկը ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն է։
Հակաբնական է՝ պարտությունից ու աղետից հետո չձգտել նոր էջի։
Ինչո՞ւ է պետք նոր էջը.
1. Պետք է լինի իշխանություն՝ առանց պարտության բեռի
2. Պետությունը և ազգը պետք է ունենան պոզիտիվ օրակարգ
Մենք չպետք է մնանք որպես պարտված պետություն։ Չպետք է ինքնաընկալվենք որպես կոտրված ազգ։
Պարտության սիմվոլի վերարտադրումը լինելու է ընտրություն ոչնչի մասին։ Մենք ընդամենը կորցնելու ենք շատ կարևոր ժամանակ ու նոր էջի հնարավորություն ստանալու ենք քիչ ավելի ուշ՝ ավելի վատ իրականության պայմաններում։
Միայն առանց պարտության բեռի իշխանությունը կարող է արժանապատիվ բանակցություններ վարել և հարաբերություններ ձևավորել արտաքին աշխարհի հետ։
Պարտված պետությունից պարտված ժողովուրդ անցումը կլինի այն անդառնալի կետը, որից հետո պետության կազմաքանդումն ուղղակի տեխնիկայի հարց է։ Մենք դրան մոտ ենք, և դա ամեն գնով պետք է թույլ չտալ։ Բայց սա հնարավոր է միայն նոր էջի դեպքում։
Եվ վերջապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի համար պետք է նոր, պոզիտիվ օրակարգ։ Պարտության դեմքով դա հնարավոր չէ անել։
Համահայկական նոր օրակարգը նոր էջի կարևոր բաղադրիչներից է։ Բայց կա Հայաստանի՝ որպես պետության, նոր օրակարգի և Հայաստանում ապրող ժողովրդի նոր օրակարգի խնդիր։
Ես հեռու եմ այն մտքից, որ հունիսին հնարավոր իշխանափոխությունը անմիջապես սկիզբ կդնի պետության խորը մոդեռնիզացիայի։ Բայց ես վստահ եմ, որ հիմքը կդնի նոր էջի, ինչն էլ լավ պոտենցիալ կապահովի առաջիկայում պետության և հանրային հարաբերությունների լուրջ արդիականացման համար՝ նոր թիմերով ու դեմքերով։ Նոր էջը պետք է ունենա նոր քաղաքական և պետական բանաձևեր և սկիզբ դնի նոր վերնախավի ձևավորմանը, որը կունենա նոր աշխարհայացք ու նոր արժեքներ։
Մեզ հիմա ժամանակ է պետք։ Նոր էջը դրա միակ հնարավորությունն է։ Մեզ կրթվել ու զարգանալ է պետք, մեզ ֆեոդալիզմը հաղթահարել ու առողջանալ է պետք, մեզ 21-րդ դար մտնել է պետք։
Հայաստանի վերելքի նախապայմանն է՝ կրթել և կրթվել։ Պետք է կրթել մեր հասարակությանը, պետք է կրթել էլիտաներին, պետք է կրթել անկիրթներին և կրթվածներին։
Արեցինք՝ կկարողանանք պետություն ունենալ, չարեցինք՝ ուրիշին չպետք է մեղադրենք։
Այս ամենը հնարավոր է միայն երկրում խորքային մոդեռնիզացիա սկսելով։ Նոր էջի հաստատումից հետո։
Նիկոլն իր անձով մեզ զրկում է այդ պարզ բանից՝ ունենալ նոր էջ մեր պետության կյանքում։ Հունիսի 20-ին կա հնարավորություն՝ գնալ ընտրության և քվեարկել հանուն պետության և յուրաքանչյուրիս կյանքի նոր էջի համար։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ