
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազում է․ Զախարովա

Ըստ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի՝ վերջին շաբաթներին հաջողվել է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջին շաբաթներին հնարավոր է եղել ընդհանուր առմամբ լարվածությունը նվազեցնել: Սահմանային վեճի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն», – ասել է Զախարովան:
Նա շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ իրավիճակը մեղմելու համար: «Բաքվի և Երևանի հետ սերտ շփում է հաստատվել՝ Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների միջոցով»,-ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իրենք խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում են համարում երկու երկրների միջև սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման աշխատանքների արագ մեկնարկը: Զախարովան վերահաստատել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ այդ գործընթացին ակտիվ աջակցություն ցուցաբերելու հարցում: