Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի օգտին քարոզչություն անելուց հրաժարված Մեղրու գնդի հրամանատար Արգամ Գևորգյանի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստը

Հունիսի 8-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Խոսքը Մեհրաբի ու Մեղրու զորամասերի մասին էր, որոնց աշխատանքից ազատման մասին առավել վաղ գրել էին, որ վերջիններիս նկատմամբ հետապնդումները սկսվել են այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզչություն անելուց ու ձայներ ապահովելուց:

Արգամ Գևորգյանը Մեղրիի զորամասի հրամանատարն էր, իսկ Արտակ Թադևոսյանը՝ Մեհրաբի զորամասի։ Նրանց ծառայողական լիազորությունները դադարեցնելուց հետո սոցիալական ցանցերում հայտնվեցին տարբեր օգտատերերի գրառումներ, ըստ որոնց, Մեղրիի զորամասի հրամանատարը 44-օրյա պատերազմի ընթացքում աչքի է ընկել երկրի սահմանների պաշտպանության ակտիվությամբ՝ գործընթացում ներգրավելով նաև իր զինվորներին։

Ավելի ուշ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր.

«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ նա որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցել։ Երբևէ չի եղել, որ մենք խոսենք քաղաքականությունից ու քաղաքական կողմնորոշումից։ Կարծում եմ՝ նրան ոչ թե քաղաքականությանը խառնվելու համար են պատժում իրենց արևին, այլ ընդհակառակը՝ քաղաքականությանը չխառնվելու՝  իրենց օգտին քարոզ չանելու և ձայներ չապահովելու համար։

Բոլոր առումներով իրենց համար ոչ հաճելի, ոչ ցանկալի հրամանատար էր՝ իր գործին ծառայում էր, մարտական էր տրամադրված, հայրենասեր հրամանատար էր, ավելին՝ չէր պատրաստվում «Իմ քայլի» համար անօրինական ձայներ ապահովել։ Այս ամենը բավարարում է, որ իշխանությունը նրան պաշտոնանկ անի, լավ է, որ չեն ձերբակալել, դե այդքան «թերություն» ունի՝ հայրենասեր է, լավ ծառայող է, այդքանը կուրսին հակառակ է»:

Եվ ահա այսօր տեղեկացանք, որ Մեղրու գնդի հրամանատար Արգամ Գևորգյանի նկատմամբ, ում լիազորությունները կասեցված էին, այսօր քրեական գործ է հարուցվել Ռազմական ոստիկանության կողմից ու ուղարկվել Քննչական կոմիտե:

168.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Վարդան Թադևոսյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ նրա ազտման դեպքի հետ կապված որևէ քրեական գործ հարցուցված չէ, ՔԿ-ն նախաքննություն չի իրականացնում։

Տեսանյութեր

Լրահոս