«Չէր պատրաստվում «Իմ քայլի» համար անօրինական ձայներ ապահովել՝ լավ է, որ չեն ձերբակալել… իշխանությունը ցանկանում է հասնել դրան, որ ամբողջ հրամկազմն ազատման դիմում գրի». Մեղրիի համայնքապետ

Պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ կասեցվել են ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական լիազորությունները և նրանց նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Արգամ Գևորգյանը Մեղրիի զորամասի հրամանատարն է, իսկ Արտակ Թադևոսյանը՝ Մեհրաբի զորամասի։ Նրանց ծառայողական լիազորությունները դադարեցնելուց հետո սոցիալական ցանցերում հայտնվեցին տարբեր օգտատերերի գրառումներ, ըստ որոնց, Մեղրիի զորամասի հրամանատարը 44-օրյա պատերազմի ընթացքում աչքի է ընկել երկրի սահմանների պաշտպանության ակտիվությամբ՝ գործընթացում ներգրավելով նաև իր զինվորներին։

168.am հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն անդրադառնալով զորամասի հրամանատարի պաշտոնանկությանը, նկատեց՝ հրամանատարի մասին ոչ միայն՝ Մեղրիիում, այլև՝ առանց չափազանցության, ամբողջ հանրապետությունը գիտի։

«Գուցե մի քիչ բարձր է հնչում, բայց նա մեր լեգենդար Արգամն է։ Նույնը Մեհրաբի զորամասի հրամանատարը՝ Արտակ Թադևոսյանը, ով կրկին Մեղրիից է գնացել Մեհրաբի հրամանատար։ Երկուսն էլ մեր բանակի լավագույն սպաներից են, իրենց լավագույնս դրսևորած՝ և՛ 20 տարուց ավելի ծառայության, և՛ պատերազմի ընթացքում»,- նշեց Մխիթար Զաքարյանը։

Ինչ վերաբերում է  տեղեկությանը, որ Արգամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելուց հետո, զորամասի հրամկազմը մեկը մյուսի հետևից ազատման դիմում են գրել, Մխիթար Զաքարյանը տեղեկացրեց, որ նման բան չկա, այսինքն՝ առայժմ չկա։

«Սակայն գործող իշխանությունը ցանկանում է հասնել դրան, որ ամբողջ հրամկազմն ազատման դիմում գրի։ Աստված ոչ անի, եթե իրենց մնա, ապա իրենք դրան կհասնեն, որ հրամկազմը դիմում գրի»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ճիշտ է, ինքը ռազմական գործիչ չէ, բայց իրավիճակը վերլուծելով՝ կարող է ասել. «Նիկոլ Փաշինյանը մեծ ճշգրտությամբ  իրականացնում է Ալիևի այն ցանկությունը, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա։ Եթե նույն ճշգրտությամբ նա իր պարտականությունները կատարեր, ապա մենք լրիվ ուրիշ երկիր կունենայինք՝ դրական առումով»։

Հարցին՝ Արգամ Գևորգյանը երբևէ որևէ քաղաքական գործընթացի մասնակից եղե՞լ է, Մխիթար Զաքարյանը պատասխանեց՝ ոչ։

«Նա իմ ընկերն է, և մենք՝ որպես համայնքապետ ու զորամասի հրամանատար, շփվել ենք ու միայն քննարկել հարցեր՝ ի շահ սահմանների ու զորամասի։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ նա որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցել։ Երբևէ չի եղել, որ մենք խոսենք քաղաքականությունից ու քաղաքական կողմնորոշումից։ Կարծում եմ՝ նրան ոչ թե քաղաքականությանը խառնվելու համար են պատժում իրենց արևին, այլ ընդհակառակը՝ քաղաքականությանը չխառնվելու՝  իրենց օգտին քարոզ չանելու և ձայներ չապահովելու համար։ Բոլոր առումներով իրենց համար ոչ հաճելի, ոչ ցանկալի հրամանատար էր՝ իր գործին ծառայում էր, մարտական էր տրամադրված, հայրենասեր հրամանատար էր, ավելին՝ չէր պատրաստվում «Իմ քայլի» համար անօրինական ձայներ ապահովել։ Այս ամենը բավարարում է, որ իշխանությունը նրան պաշտոնանկ անի, լավ է, որ չեն ձերբակալել, դե այդքան «թերություն» ունի՝ հայրենասեր է, լավ ծառայող է, այդքանը կուրսին հակառակ է»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս