«Ալիևը սարսափում է, որ Հայաստանում կարող են իշխանության գալ ազգային ուժեր. ազգային ընդդիմությունը առաջին իսկ փուլում 50+1 ձայներ կունենա». Էդուարդ Շարմազանով
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իշխանության այն հայտարարություններին, թե ընտրությունների օրը պատրաստվում են «դեբոշներ» սարքել։
Շարմազանովն ասաց՝ գլուխները պատով կտան, եթե նման բան անեն։
«Երևանն ու Հայաստանը պոլիգոն չեն, որ այստեղ քաղաքացիական բախումների գնան, դրա համար եմ ասում, որ յուրաքաչյուրս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը։ Ալիևի ու Էրդողանի այս կամակատարն ուզում է Հայաստանն էլ իր հետ տանի անդունդ, արդեն կիսով չափ տարել է։ Այսօր Արցախը որպես պետություն՝ փաստացի գոյություն չունի, Հայաստանը որպես ինքնիշխան պետություն՝ գոյություն չունի։ Մեր քաղաքացիական դիրքորոշումը պետք է հստակ դրսևորենք և թույլ չտանք, որ որևէ անօրինակ դեպք, բախում լինի Հայաստանում։ Հայաստանի այս ներքին անկայուն վիճակը ձեռնտու է երեք հոգու՝ Նիկոլին, Էրդողանին և Ալիևին։ Չագուչներից ու մուրճերից է խոսում։ Մուրճով խոսացո՞ղ ես, 1000 հոգով Սյունիք գնացո՞ղ ես, գնա Սև լիճը, Սոթքը ազատագրի, գնա դրանց Շուռնուխից քշի»,- նշեց Է. Շարմազանովը։
Ըստ նրա, երեք տարվա ընթացքում և Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի հանդգնել որևէ թթու խոսք ասել Ալիևին։ Հետևաբար՝ ի՞նչ անուն դնել այն էակին, որն աջուձախ սպառնում է իր քաղաքական ընդդիմախոսներին, առավոտից երեկո ճղճղում է, բայց Շուշիում Ալիևի ու Էրդողանի հանդիպման մասին որևէ խոսք չի ասում։
«Ի՞նչ անուն դնենք մեկին, որին պոլի շորի, գնդակի նման տշում են Ադրբեջանի ղեկավարները հրապարակային, և նրանց թթու խոսք չի ասում։ Ի՞նչ անուն դնենք նրան, որ նոյեմբերի 9-ին ղազի նման ստորագրում է կապիտուլյացիան, բայց գերիների վերադարձի ժամկետ չի նշում։ Նա ադրբեջանցի ահաբեկիչներին միանգամից վերադարձնում է Ադրբեջանին, բայց մեր տղաների հարցը չի կարողանում լուծել։ Կամ, որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո բունկերից վրեժի կոչեր էր անում, դիրքերը պահող տղերքին կոչ էր անում՝ գային ու քաղաքացիական վրեժ լուծեին։ Այս ամենի անունը պետք է լինի մեկ բան՝ կապիտուլյանտ, որը պետք է լինի պատմության աղբանոցում»,- հավելեց ՀՀԿ ԳՄ անդամը։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի հավանականությանը, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ ներկայիս կապիտուլյանտ իշխանությունն արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում չունի իշխանություն և չունի ժողովրդի մեծամասնության վստահություն, դա է ապացուցում բոլոր մարզերում իշխանության կողմից մասսովկանների ապահովումը։
«Ես չեմ կարծում, որ Ալիևը ընտրություններից երկու օր առաջ հերթական օգնության ձեռքը մեկնի նրան, որովհետև Ալիևը սարսափում է, որ Հայաստանում կարող են իշխանության գալ ազգային ուժեր, բայց այդ ուժերը գալու են։ Այդ ուժերի մեջ աներկբա ու հաստատակամորեն լինելու է նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։
Կարծում եմ՝ ազգային ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայներ կունենա»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում