Ձևական փաստարկներով Հանրային հեռուստաընկերությունը նպատակ է հետապնդում ընտրողների կողմնորոշման համար արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար․ «Ազատ Հայրենիք» դաշինք

«Ազատ Հայրենիք» դաշինքի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

««Ազատ հայրենիք» դաշինքի խորհուրդը համարում է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի որոշումը՝ մերժել հունիսի 17-ի «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճում դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, կոպտորեն խախտում է ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը:

Ակնհայտ է, որ ներկայացնելով ձևական փաստարկներ, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, նպատակ է հետապնդում ընտրողների կողմնորոշման համար կարևորագույն բանավեճում արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար:

«Ազատ հայրենիք» դաշինքը դատապարտում է Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը, և կոչ է անում հավատարիմ մնալ Հանրային հեռուստաընկերության գլխավոր առաքելությանը՝ անաչառ լուսաբանել նախընտրական քարոզարշավը:

«Ազատ հայրենիք» դաշինքը կրկին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ հունիսի 17-ի եզրափակիչ բանավեճում դաշինքի կողմից հանդես գալու համար լիազորում է միայն դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանին։ Մեր այս որոշումն անտեսելով Դուք խախտում եք ընտրական գործընթացի կարևորագույն բանավեճում՝ «Ազատ հայրենիք» դաշինքի իրավահավասար մասնակցության իրավունքը, և «Ազատ հայրենիք» դաշինքի նկատմամբ իրականացնում եք խտրական վերաբերմունք»։

Տեսանյութեր

Լրահոս