Ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրությունները. Էդմոն Մարուքյան

«Ըստ էլեկտորալ իրավիճակի՝ ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրությունները և, ինչպես ասում է «Լուսավոր Հայաստանը», ինչպես ասում ենք մենք՝ պետք է հաղթի ժողովուրդը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորն իրենք փոքր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալների կառավարությանն աջակցություն ցուցաբերել: Միայն այդ պարագայում երկիրը կկարողանա դուրս գալ այս իրավիճակից»,- Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ սա ատելության, բռնության, սպառնալիքների, հետամնացության քարոզարշավ էր:

Անդրադառնալով Ազատության հրապարակը, Հանրապետության հրապարակը մինչև հունիսի 24-ը «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի կողմից զբաղեցնելու մասին որոշմանը, Էդմոն Մարուքյանը նկատեց.

«Փորձելու են տանել ցնցումների, բախումների, մեկն ասելու է՝ ես եմ հաղթելու, մյուսը՝ ես եմ հաղթելու: Սակայն մեր ռազմավարության աշխատելու պարագայում դա էլ չի կարող տեղի ունենալ, որովհետև չեն ունենալու այնքան աջակցություն, որ ասեն՝ ես հաղթել եմ: Հետևաբար՝ յուրաքանչյուրը համակերպվելու է իր 20 տոկոսանոց ձայնի հետ և գալու են խելոք կլոր սեղանի շուրջ նստեն, և ձևավորենք ազգային միասնության կառավարություն»:

Տեսանյութեր

Լրահոս