ԱՄՆ-ի վարչակազմում հայտարարել են, որ ժնևի գագաթնաժողովը կառուցողական էր
Միացյալ Նահանգների կառավարությունը կարծում է, որ Ժնեւում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը տեղի է ունեցել կառուցողական կտրվածքով, իսկ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում նկատվել են բարելավման նշաններ: Ժնեւում լրագրողների համար կայացած հատուկ ճեպազույցում այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ։
Նրա խոսքով՝Պուտինի եւ Բայդենի բանակցությունները եղան «շատ անկեղծ, (…) կառուցողական, զերծ բանավեճից, հենված փաստերի վրա»: «Ես կասեի, որ, ինչպես դուք լսեցիք նախագահից (Բայդենից) արդյունավետ առաջընթաց կա (Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների) մի քանի ոլորտներում, ամենից առաջ ռազմավարական կայունության գործընթացի գործարկման (տեսքով)` որոշելու համար, թե կարող ենք արդյոք ուսումնասիրել սպառազինությունների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ միջոցներ այն բնագավառներում, որոնք ընդգրկված չեն գոյություն ունեցող համաձայնագրերով: Ավելի ստույգ, գոյություն ունեցող համաձայնագրով, քանի որ մենք, ըստ էության, ունենք (սոսկ) Նոր ՌՀՍՊ (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագիր) եւ դրա երկարաձգում:
Այնպես որ դա թե՛ պրակտիկ է եւ թե՛ արդյունավետ: Նոր ՌՀՍՊ Միացյալ Նահանգներում ընդունված է անվանել ռուս-ամերիկյան Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագիրը: Ռուսաստանում այն ամենից հաճախ ոչ պաշտոնական կարգով անվանում են ՌՀՍ-3: Փետրվարին Մոսկվան եւ Վաշինգտոնն այն երկրաձգեցին առավելագույնս հնարավոր 5 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Ճապազրույցի սղագրությունը Վաշինգտոնում տարածել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: