
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 600.000-ը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում COVID-19-ով վարակումներից մահացել է 600 հազար 220 մարդ: Այդ մասին հաղորդել է Associated Press թերթը։
Թերթը նշում է, որ վիրուսի զոհերի թիվը մոտավորապես հավասար է 2019 թվականին ԱՄՆ-ում քաղցկեղից մահացածների թվաքանակին: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 33 մլն 183 հազար 919-ի: Երկրի բնակիչներին արդեն ներարկել են ավելի քան 311 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ (իմունացման համար մեկ մարդուն անհրաժեշտ է ներարկել պատրաստուկի երկու չափաբաժին):
Ինչպես նշում է Associated Press-ը, պատվաստման շնորհիվ կորոնավիրուսից մահվան ամենօրյա դեպքերի թիվը նվազել է՝ հասնելով 340-ի այն դեպքում, երբ հունվարի կեսերին գրանցվել է շուրջ 3,4 հազար մահ: Վարակումների միջին օրական թիվը ձմռանը համավարակի բարձրակետի ժամանակ հայտնաբերված 250 հազարից նվազել է՝ հասնելով մոտավորապես 14 հազարի: Կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի եւ գրանցված մահերի թվով ԱՄՆ-ն աշխարհում մնում է առաջին տեղում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: