
«Ռոստուրիզմ»-ի ղեկավարը հայտնել է Սևծովյան ափի գերբեռնվածության մասին

Սեւ ծովի ափն առավելագույնս գերբեռնված է հանգստացողների հոսքի եւ տարածաշրջանում ժամանակակից հյուրանոցների անբավարարության պատճառով: Այդ մասին Զբոսաշրջության դաշնային գործակալության («Ռոստուրիզմ») ղեկավար Զինաիդա Դոգուզովան հայտնել է հունիսի 15-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Սեւծովյան ողջ առափնյակն առավելագույնս բեռնված է, տեղ-տեղ՝ գերբեռնված: Խնդիրն այն է, որ այսօր ողջ հարավում որակյալ, ժամանակակից հյուրանոցների դեֆիցիտ կա, ուստի միջազգային ավիահաաղորդակցության սահմանափակումների պայմաններում պահանջարկը բազմակի գերազանցել է առաջարկին: Եվ դա սպասելիորեն հանգեցնում է շուկայի գերտաքացման եւ գների դինամիկ աճի»,-հայտարարել է Դոգուզովան:
Նրա խոսքով՝ «հանգուցային խնդիրն առաջիկա տարիներին որակյալ, ժամանակակից, շուրջօրյա հյուրանոցների թվաքանակի բազմակի ավելացումն է մեր տաք ծովում»:
«Մինչեւ 2024 թվականը մենք հույս ունենք նպաստել առնվազն 20 հազար նոր ժամանակակից համարների ստեղծմանը առողջարանային եւ հանգստյան գոտիներում:
Համեմատության համար նշենք, որ ամբողջ երկրում դաշնային եւ միջազգային բրենդների ներքո գործում է մոտավորապես 60 հազար համար, եւ դրանք հիմնականում գտնվում են խոշոր քաղաքներում»,-ճշտել էԷ «Ռոստուրիզմ»-ի ղեկավարը: