«Մեզանից որևէ մեկը չպետք է լինի բարիկադի տարբեր կողմերում, որքան էլ Փաշինյանը փորձի մեզ տարանջատել. հայը հային թշնամի չպետք է լինի». Էլինար Վարդանյան
«Սա Հայաստանի լինել-չլինելու միջև ընտրություն է, և մարդիկ ընտրում են Հայաստանը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 9-րդ համարը՝ մասնագիտությամբ իրավաբան Էլինար Վարդանյանը:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին ու Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին, Էլինար Վարդանյանն ասաց՝ Ն․ Փաշինյանն այդ այցով մի քանի խնդիր էր փորձում լուծել:
«Նրա՝ մուրճով Սյունիք արշավանքն ինձ համար գոնե ողբերգություն էր: Այդ ընթացքում Շուշիում Էրդողանն Ալիևի հետ թեյ էր խմում, գաթա էր ուտում, Շուշիում Թուրքիայի հյուպատոսարան բացելու ծրագրերի մասին էին խոսում, ներդրումների թեման էին քննարկում, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում արշավում էր Սյունիք»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Վերջինս նշեց՝ դրանով նա խնդիր էր լուծում՝ համոզել հասարակությանը, որ «Սյունյաց ողջույնների» ներքո մեկ անգամ Սյունիքի այցը ձախողելուց հետո կարող է գնալ այնտեղ:
«Մենք տեսանք, որ այդքան ավտոմեքենաները, մարդիկ, ովքեր տարվել էին՝ նրան այնտեղ ծափահարելու համար, զուր էին: Սյունիքում նա ընտրազանգված չուներ, ինչպես չունի այլ մարզերում: Գրեթե միշտ վարչական ռեսուրսի չարաշահմամբ, մարզպետների ներգրավմամբ է նա մարզերում փորձում շոու ցույց տալ, որպեսզի ապացուցի, որ դեռ ունի համակիրներ»,- ասաց պատգամավորի թեկնածուն:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ անգամ 30 % շանս չունի, և հետագայում, երբ հունիսի 21-ին մարդկանց հանի փողոց, իսկ նա արդեն քայլեր անում է այդ ուղղությամբ, ասի՝ հիշո՞ւմ եք, որ մեր հավաքներին հազարավոր մարդիկ էին գալիս, մենք ինչպե՞ս կարող էինք այսքան քիչ ձայն հավաքել, ու ժողովրդին օգտագործի ժողովրդի դեմ:
«Նրա ամեն հանդիպումն ու քայլը բախումների նախապատրաստություն է. ինքն ըստ էության ուզում է կրկնել «Մարտի 1-ը»: Յուրաքանչյուր արտահայտություն, որ նա անում է մարզերում, առանձին քրեական գործի հիմք է: Երբ սպառնում է ընտրովի համայնքապետերին քրեական գործերով, դա խոսում է այն մասին, որ նա արդեն նման ցուցումներ է տալիս, ինչի իրավունքը չունի: Բայց սա դեռ մի կողմ: Ամենակարևորը բառապաշարն է, որը բերելու է բախումների: Նրա սիրտը «Մարտի 1» է ուզում»,- ասաց Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ այստեղ բոլորիս խնդիրն է՝ բռնել նրա ձեռքը, և չպետք է թույլ տալ, որ նա հերթական անգամ մանիպուլյացիաների ու ստերի միջոցով ժողովրդին օգտագործի ժողովրդի դեմ:
Ինչ վերաբերում է Արցախի հարցի լուծման հեռանկարներին, «Հայաստան» դաշինքը ներկայացնող իրավաբանն ասաց, որ միջազգային հանրության առաջ Արցախի հարցը բարձրացնելու ու առաջ տանելու համար մենք պետք է ունենանք իշխանություն, որը չի պարտվել պատերազմում, չի ստորագրել այդ ստորացուցիչ պայմանագիրը, ում չի ստորացնում Ալիևը:
«Բնականաբար, հարցի լուծման տարբերակներ կան, հարցի լուծումը բանակցային ճանապարհով է, և մենք այս կամ այն դեպքում Ադրբեջանի հետ պետք է նստենք բանակցության: Բայց այս անհատով, ով այսօր երկրի ղեկին է, մենք բանակցության նստելու շանս չունենք: Մեր քաղաքական թիմն ունի այն ներուժը, որը կարող է միջազգային ասպարեզում ներկայացնել այս հարցը»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Հարցին՝ «Հայաստան» դաշինքի՝ կառավարություն ձևավորելու դեպքում արդյո՞ք քաղաքական և իրավական գնահատական կտրվի ներկա իշխանությունների կառավարման շրջանին, Էլինար Վարդանյանը պատասխանեց՝ կարծում է, որ գնահատականներ, իհարկե, պետք է տրվեն, բայց թող որևէ մեկը չկարծի, որ դա լինելու է վրեժի մղումներից ելնելով կամ լրացուցիչ լարվածություն է մտցնելու երկրում:
«Չի լինելու այդպիսի բան: Մենք չենք գնալու լրացուցիչ լարվածության, և եթե որևէ բան տեղի ունենա, դա տեղի է ունենալու բացառապես իրավական կարգավորումներին համապատասխան: Այո, կտրվի գնահատական, կլինեն իրավական շրջանակներում ընթացող պրոցեսներ, բայց այս լարվածությունը, որ կա մեր երկրում, պետք է թոթափվի: Մենք նույն երկրի քաղաքացիներ ենք, մենք թշնամիներ չենք, մեզանից որևէ մեկը չպետք է լինի բարիկադի կողմերում, որքան էլ Փաշինյանը փորձի մեզ տարանջատել, թշնամացնել: Այդպես չի լինելու: Մեր՝ իշխանության գալու պարագայում հայը հային թշնամի չպետք է լինի»,- եզրափակեց Էլինար Վարդանյանը
Մանրամասները՝ տեսանյութում