Քարտեզի մի մասը չի երևում դիզայներական ծրագրի՝ տեղադրված թվային և տեքստային վանդակի և քարտեզի դիրքային համընկնման պատճառով․ Կարմիր Խաչ
Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Ճաղարյանն անարդարացիորեն թիրախավորել է Կարմիր խաչի մարդասիրական շարժման ազգային ընկերությանը (ոչ միջազգային), որն ունի 101 տարվա պատմություն և գործում է Հայաստանի ողջ տարածքում՝ մշտապես լինելով ազգաբնակչության կողքին։
Այդ տարիների ընթացքում ազգային ընկերությունն առաջնորդվել և խստորեն պահպանել է իր յոթ սկզբունքները, այդ թվում՝ անկախությունը, անկողմնակալությունը և չեզոքությունը և իր ողջ գործունեության ընթացքում ոչ մի կերպ չի ներքաշվել որևէ քաղաքական գործընթացում՝ միմիայն կենտրոնանալով իր մարդասիրական առաքելության վրա, այն է՝ նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են ազգաբնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Գրառման մեջ նշված ծրագիրն իրականացվում է 2019 թվականից մինչ օրս, այդ թվում՝ Սյունիքի մարզում՝ բարձրացնելու համայնքների դիմակայությունը առողջապահական խնդիրների նկատմամբ, ինչն ակնհայտ նշված է տեղեկատվական թերթիկում։ Ինչպես կփաստեն մասնագետները, հստակ երևում է, որ քարտեզի մի մասը չի երևում դիզայներական ծրագրի՝ տեղադրված թվային և տեքստային վանդակի և քարտեզի դիրքային համընկնման պատճառով։
Կարծում ենք, որ միայն ֆեյսբուքում հայտնի դառնալու նպատակով չարժեր փնտրել դիտավորություն և շահարկել հարցը՝ ևս մեկ անգամ ցավ պատճառելով մեր ազգաբնակչությանը, փորձելով հեղինակազրկել արդեն ավելին քան հարյուր տարի անաչառ կերպով ազգաբնակչությանը ծառայող և հասարակության վստահությունն ու հարգանքը վայելող կազմակերպությանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերություն