Բաժիններ՝

Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։

Քննությունների արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 4346 դիմորդներից քննությանը մասնակցել են 4271-ը։ Բարձր գնահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ 31 հոգի: Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 356 դիմորդներ, միջին միավորը եղել է 14.5-ը:

«Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել էր 85 դիմորդ, քննությանը մասնակցել են 84-ը: Բարձր՝ 18-20 միավոր ստացել է 13 դիմորդ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19-75՝ 4 դիմորդ։ Գերմաներենից միջին միավորը եղել է 13.76, առավելագույն՝ 20 միավոր ոչ ոք չի ստացել, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12 դիմորդներ։

«Ֆրանսերեն» առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել են 74 դիմորդներ. բոլորն էլ ներկայացել և մասնակցել են քննությանը։ Նրանցից 18-ը հավաքել են 18-20 միավոր, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8 դիմորդ, 19-19.75՝ 9, իսկ 20 միավոր՝ 1 դիմորդ։ Միջին միավորը եղել է 14.7, իսկ դրական միավորի շեմը չեն հաղթահարել 6 դիմորդներ։

«Իսպաներեն» և «Պարսկերեն» առարկաների քննություններին մասնակցել են երկուական դիմորդներ. բոլորն էլ հաղթահարել են նվազագույն անցողիկ շեմը՝ ապահովելով համապատասխանաբար 12,1 և 13,5 միջին միավորներ։

Դիմորդները ստացած գնահատականները կարող են բողոքարկել քննության արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ տվյալ դեպքում մինչև հունիսի 17-ը՝ ժամը 18.00-ն:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում են ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս