«Ժողովրդի մեծամասնությունն է ասում, որ Փաշինյանը ցայտնոտի մեջ է…». Տաթևի նախկին համայնքապետ

Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մուրադ Սիմոնյանի խոսքով՝ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ համայնքապետերի վերաբերյալ, ցույց է տալիս, որ Փաշինյանը ցայտնոտի մեջ է, և այդ հայտարարությունները նրա վերջին ճիգերն են։

«Ես չէ, որ ասում եմ, ժողովրդի մեծամասնությունն է ասում, որ Փաշինյանը ցայտոտնի մեջ է։ Նա նոր չէ, որ ասում է, թե համայնքապետերը կենթարկվեն պատասխանատվության, ինչո՞ւ պետք է ենթարկվեն պատասխանատվության, իրենց քաղաքական դիրքորոշումների՞, թե՞ այլ բան են արել՝ թող ասի։ Սյունիքի համայնքապետերի նման ճիշտ, գաղափարով մարդիկ, լավ կլինի, որ շատ լինեն, դա մեր երկրի շահերից է բխում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուրադ Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքի որոշ ակտիվ համայնքապետերի սպասում է Քրեական օրենսգիրքը և Քրեակատարողական հիմնարկները։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ նախընտրական քարոզարշավի մեկնել էր մեծաթիվ մարդկանցով ու Երևանից տարած մարդկանցով, որպեսզի տարբեր համայնքներում կանգառի ժամանակ ցույց տա, թե մարդաշատ են իր նախընտրական քարոզարշավները։

«Այս ամենն այդ ո՞վ չգիտի, բոլորս էլ գիտենք, տեսել ենք, ուղղորդում է, վախեցնում է իրեն ենթակա հիմնարկների պետերին, և այլն։ Այս ձևով նա չի կարող երկիր ղեկավարի ու ոչ էլ կարող է հարգանքի արժանանա իր թիմակիցների հետ միասին։ Այդ մարդկանց նա իր հետ բերել էր Սյունիք՝ ցուցադրելու, թե՝ տեսեք, ինչ մարդաշատ է, սակայն ոստիկական մեծ խմբերով  ոստիկանների էր բերել։ Այդ օրը առավոտյան գործով Գորիս էի գնացել, տեսա, թե քանի ավտոբուսով ոստիկան է ուղարկել Սյունիք։ Ոստիկաններին Սյունիք էր բերել իր պաշտպանության համար, իսկ ավտոբուսներով մարդկանց՝ քարոզարշավը մարդաշատ ցույց տալու համար»,- հավելեց Մուրադ Սիմոնյանը։

Նախկին համայնքապետն ընդգծեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ ընտրություններից հետո շարունակի մնալ կառավարման ղեկին, ապա Հայաստանը, այդ թվում՝ Սյունիքը, ավելի վատ վիճակում են հայտնվելու, քան այսօր է։

«Եթե Նիկոլ Փաշինյանն անցնի, ապա դա նրան հաջողվելու է միայն խախտումների արդյունքում, քանի որ մենք տեսնում ենք, որ այսօր մարդիկ, մեր գաղափարակիցներն  ավելանում են։ Ասում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա անցնել, ապա միայն խախտումներով է կարողանալու։ Եթե նա նորից լինի իշխանության, ապա բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ մենք ավելի շատ տարածքներ ու նույնիսկ մարզեր կկորցնենք»,- եզրափակեց Մուրադ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում էր։ Նա ելույթ էր ունեցել  Գորիսում, Որոտանում և մի քանի այլ համայնքներում, ի տարբերություն այլ բնակավայրերի, Որոտանում նրա ելույթը չէր ուղեկցվել մուրճով։ Այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանի ելույթները հնչել էին սպառնալիքներով, այս դեպքում՝ ուղղված Սյունիքի որոշ համայնքապետերին։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը ելույթներից մեկի ժամանակ ասել էր, որոշ համայնքապետերի սպասում են  քրեակատարողական հիմնարկները։

Տեսանյութեր

Լրահոս