
Մեջլիսի պատգամավոր Զաքանին Իրանի նախագահի ընտրություններում հանել է իր թեկնածությունը հօգուտ Ռայիսիի

Քում քաղաքից Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր եւ երկրի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռըզա Զաքանին հունիսի 16-ին հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը հօգուտ Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանելու մասին: Այդ մասին Զաքանին ասել է YJC գործակալությանը տված հարցազրույցում:
Հունիսի 16-ին ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանի Մեջլիսի պատգամավորները նախագահական մրցարշավին մասնակցող բոլոր պահպանողականներին կոչ են արել հանելու իրենց թեկնածությունները հօգուտ Ռայիսիի: Ուղերձը հասցեագրված է եղել Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզայիին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլիին, Մեջլիլիսի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմիին եւ Զաքանիին: Իրանի նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն նույնպես հունիսի 16-ին հանել է իր թեկնածությունը երկրի նախագահական ընտրությունների ընտրարշավից:
Այսպիսով, բարենորոգչական ճամբարից արշավին շարունակում է մասնակցել սոսկ երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: Իրանի նախագահի ընտրւթյունները պլանավորված են հունիսի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: