«Մեզ համար շատ կարևոր են այս երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները». Սոս Հակոբյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ծանոթացել է գաղտնի մեկ զեկույցի, որը կազմվել է պատկան մարմինների կողմից։
«Այդ զեկույցում նշվում է, որ կապիտուլյանտը ՀՀ-ում այլևս չունի մեծամասնություն, չունի վստահություն ՀՀ բնակչության մեծամասնության շրջանում։ Արդեն փաստ է, որ կապիտուլյանտը պարտվում է։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է թուլանալ, սա ուսումնասիրված տրամադրություններ են, որոնք դեռ պետք է իրացնել հունիսի 20-ին և հստակ ամրագրել մեր քվեով, կատարել մեր քաղաքացիական պարտքը»,- նշեց Սոս Հակոբյանը։
Թե ինչու քաղաքացիները պետք է ընտրեն «Պաստիվ ունեմ» դաշինքին՝ հարցին, Սոս Հակոբյանը պատասխանեց, որ այս ընթացքում Հայաստանում որևէ քաղաքական ուժ ցույց չտվեց արտաքին քաղաքականության այնպիսի դիապազոն, ինչպիսին «Պատիվ ունեմ» դաշինքը։
«Սկսած Արթուր Վանեցյանի այցից Մոսկվա, որը տեղի ունեցավ պաշտոնական հանդիպման կազմակերպմամբ ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ։ Սա ցույց է տալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ուժը միջազգային ասպարեզում և հունիսի 20-ից հետո այն ծառայեցնելու է իր հնարավորությունները Հայաստանի ազգային շահերին։ Արթուր Վանեցյանը վարչապետի, թերևս, միակ թեկնածուն էր, որը նախընտրական քարոզարշավի շրջանում այցելեց Արցախ, այսինքն՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ նա եղավ Արցախում։ Այո, մենք ուզում ենք շեշտել, որ մեզ համար շատ կարևոր են այս երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները՝ Ստեփանակերտի, Մոսկվայի ու մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի։ Պատահական չէ, որ Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպեց մեր Վեհափառի հետ»,- հավելեց Սոս Հակոբյանը։
Նրա բնորոշմամբ, պատերազմից հետո, հայ ժողովրդի համար ամենածանր հարվածը երևի տեղի ունեցավ հունիսի 15-ին, երբ Էրդողանն ու Ալիևն այցելեցին Շուշի և ստորագրեցին «Շուշի հռչակագիրը»։
«Երեք եղբայրներից երկուսը երեկ հանդիպեցին Շուշիում, այն ժամանակ, երբ մեկը Սյունիքում թափառաշրջիկի նման իր գունավոր չաքուջով շրջում էր։ Վստահորեն կարելի է ասել, որ նրա այցը կապ չուներ նախընտրական քարոզարշավի հետ, դա ինչ-որ ֆլեշմոբ էր Հայաստանում ներքին տուրիզմը զարգացնելու առումով, քանի որ Հայաստանի բոլոր ծայրերից հազարավոր մարդկանց էր տարել Սյունիք»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, որոնք, իր խոսքերով՝ հրահրում է Նիկոլ Փաշինյանը, Սոս Հակոբյանը նկատեց՝ այդ մարդը ցույց է տվել, որ ընդունակ է ամեն ինչի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում