Բաժիններ՝

Պրոգրեսիստ դեմոկրատները Բայդենին կոչ են արել՝ համագործակցել Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջադիմական խմբակցության տասնհինգ անդամներ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին կոչ են անում՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ աշխատել մի ամբողջ շարք հարցերի շուրջ՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունից մինչեւ կլիմայի փոփոխություն: Այդ մասին հաղորդել է Axios-ը։

«Այդ բանակցությունների ընթացքում մենք հույս ունենք, որ դուք առաջնահերթ ուշադրություն կհատկացնեք այն բանին, թե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ինչպես կարող են միասին աշխատել, որպեսզի նվազեցնեն լարվածությունը վիճելի բնագավառներում եւ համագործակցել այն ոլորտներում, որոնք գլոբալ նշանակություն ունեն»,-պորտալը մեջբերում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Փրամիլա Ջայափալի գլխավորությամբ պրոգրեսիստ դեմոկրատների խմբի հաղորդագրությունը:

«ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը միասին ունեն համաշխարհային միջուկային մարտագլխիկների ավելի քան 90 տոկոսը: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ զինված հակամարտությունը աղետ կդառնար երկու երկրների համար, Եվրոպայի համար, մեր դաշնակիցների եւ ամբողջ աշխարհի համար»,-նշել են նրանք:

Պուտինի հետ Բայդենի բանակցությունները տեղի կունենան հունիսի 16-ին Ժնեւում: Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսականները ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի նախաշեմին Բայդենին կոչ են արել՝ Պուտինի հետ զրույցում խստություն ցուցաբերել կիբեռգրոհներին վերաբերող հարցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս