Մարզերում մարդիկ բողոքում են, որ չկա գյուղատնտեսության նախարարություն». Անի Սամսոնյան
«Քաղաքացիներին ամենաշատն անհանգստացնում է անվտանգային հարցը, տնտեսական վիճակը: Տնտեսական կոլապս է, ոչ մի ձև տնտեսությունն առաջ չի գնում և մարդկանց ձեռքն ուղղակի փող չկա»,- Քանաքեռ-Զեյթունում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։
Կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց. «Մարզերում մարդիկ բողոքում են, որ չկա գյուղատնտեսության նախարարություն, որի համար այդքան պայքար էինք մղում, որ չփակեն, իսկ հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, որ խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել, ասել, որ ճիշտ ենք ասում: Մարդիկ բողոքում են նաև վարկային բեռից: Կան ոռոգման խնդիրներ, բերքը շուկայում յուրացնելու խնդիր»:
Հարցին, թե ովքեր են ձեր քաղաքական այս ուժից ղեկավարելու գյուղատնտեսության նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը, կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ ստվերային կաբինետը որոշել են չհրապարակել, որովհետև, եթե հրապարակեն անուններ, ապա այդ դեպքում ինչպե՞ս են ձևավորելու ազգային համաձայնության կառավարություն:
«Այդ պաշտոններին կներգրավվեն լավագույն մասնագետները՝ լինեն «Լուսավոր Հայաստանից», անկուսակացական, թե այլ ուժից:
Հարցին, թե ինչպես են գնահատում իրենց շանսերը, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Բարձր ենք գնահատում: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ եթե մի կողմ դնենք նախկին և ներկա իշխանություններին, ապա այլընտրանքը «Լուսավոր Հայաստանն» է:
Անի Կարապետյան