Նիկոլ Փաշինյանը իրականացրել է ադրբեջանական հեռահար սցենարի բոլոր կետերը                      

2016 թվականի ապրիլի 9-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից մի քանի օր անց, այն ժամանակ դեռ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կատարել է ֆեսյբուքյան գրառում, որտեղ կետերով թվարկել է, թե որոնք էին ռազմական գործողություններ հրահրելու Ադրբեջանի հեռահար նպատակները, և, որ իրենց գործողություններով հայկական զինված ուժերը փրկել են ոչ միայն Մարտակերտը ու Հադրութը, կամ ԼՂԻՄը, այլ Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը։

Ուշագրավ է, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը գրեթե տառացիորեն ապահովել է բոլոր այն կետերի իրագործումը, որոնք 4 տարի առաջ նա ներկայացնում էր՝ որպես Ադրբեջանի հեռահար նպատակներ։ Նա, ըստ իր իսկ եզրաբանության, չի կարողացել փրկել ոչ միայն Հադրութը կամ ԼՂԻՄը, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը։

Ներկայացնում ենք նրա այդ գրառումն ամբողջությամբ.

«Ի՞նչ հեռահար սցենար կարող էր թաքնված լինել ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման տակ»

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համադրելով վերջին շրջանի փակ և բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, կարելի է հետևյալ վարկածը առաջ քաշել, թե ի՞նչ հեռահար սցենար կարող էր թաքնված լինել ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման տակ:

Իսկ վարկածը կարելի է նկարագրել հետևյալ կետերով.

ա) Ադրբեջանական զորքը բլից-կրիգի արդյունքում պետք է խորանար ԼՂՀ տարածք:

բ) Հայկական կողմը խուճապահար պետք է օգնություն խնդրեր, բնականաբար, առաջին հերթին իր ռազմավարական դաշնակցից:

գ) Ռազմավարական դաշնակիցը պետք է դեսանտով խաղաղարար (չշփոթել խաղաղապահի հետ) ուժեր տեղակայեր տարածքում (ադրբեջանական հարձակման ուղղությունները կարող են հնարավորություն տալ ենթադրել, որ սա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ Ադրբեջանը գրաված կլիներ Սարսանգի ջրամբարը, Քարավաճառը, Ֆիզուլին, Կովսականը, Սանասարավանը, Աղդամը):

դ) Կկնքվեր Հայաստանի համար հարկադիր-ստորացուցիչ կարգավորման համաձայնագիր՝ մի նոր Մոսկվայի, կամ Կարսի, կամ Բաթումի, կամ Ալեքսանդրապոլի պայմանագիր:

ե) Ադրբեջանը կդառնար ԵՏՄ անդամ և նշված պայմաններում Հայաստանը դրան դիմադրելու որևէ ռեսուրս չէր ունենա:

– Եթե այս վարկածը իրական է, հայկական Զինված ուժերի սպաները, ժամկետային և պայմանագրային ծառայողները իրենց կյանքի և հերոսության գնով անկումից փրկել են ոչ միայն Մարտակերտն ու Հադրութը, կամ ԼՂՀ-ն՝ այլև Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը:

– Եթե այս վարկածը իրական է, հայ-ռուսական հարաբերությունները ամբողջական և խորքային վերագնահատման և վերանայման կարիք ունեն:

Ամեն դեպքում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կարիք ունի փարատել հայ հանրության շրջանում առկա կասկածները: Ինքս պատրաստ եմ աջակցել Ռուսաստանին այդ կասկածները փարատելու գործում: Հույս ունեմ, դրանք գործնականում հնարավոր է փարատել:

Հ.Գ. Նշված սցենարին, իհարկե, դեմ չէր լինի Թուրքիան, ինչպես ժամանակին դեմ չեղավ, որ Ադրբեջանն ընդգրկվի ԽՍՀՄ կազմում: Նրա համար ավելի կարևոր էր, որ Հայաստանը լինի ընդամենը մանրադրամ-պետություն, որին ցանկացած պահի հնարավոր կլինի մանրել աշխարհաքաղաքական առևտրում: Ակնհայտ է նաև, որ այսպես կոչված հրադադարը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական կողմը հակահարձակում էր նախապատրաստում, և Իլհամ Ալիևը հրադադարի համար շտապեց շնորհակալություն հայտնել Ռուսաստանին: Հայկական կողմից հրադադարի կապակցությամբ որևէ շնորհակալության խոսք չի հնչել:

Հ.Գ.-2. ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարող են լինել գործարքի մասնակից և համահեղինակ: Այս պարագան, սակայն, պիտի նշանակի, որ գործ ունենք աշխարհաքաղաքական մեծ բարտերի հետ, որը ներառում է նաև Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:

Հ.Գ.-3. Եթե այս վարկածը իրական է՝ այն կասեցվել, բայց չի չեղարկվել: Այս սցենարը հնարավոր է չեղարկել միայն 10 միլիոն հայի համատեղ ջանքով: Ուրիշ ոչ մի կերպ:

Մենք այս Հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի!!!»:

Տեսանյութեր

Լրահոս