«Կարևոր է նաև ԱՄՆ-ի միջնորդությունը․ միայն Վրաստանը չունի այն լծակները, որպեսզի կարողանար միայնակ այդ հարցում դերակատարություն ունենար». Ջոնի Մելիքյան

Բաքվում պահվող հայ ռազմագերիներից ևս 15-ը հունիսի 12-ին վերադարձան հայրենիք։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Հայաստանն Ադրբեջանին տրամադրել է Արցախի Ակնայի ականապատ տարածքների ողջ քարտեզը։ Հայ ռազմագերիների հայրենիք վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի խոսնակը ֆեսյբուքյան իր էջում գրառում կատարեց և շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմին և Վրաստանի նախագահին՝ նրանց միջնորդությամբ գերիներին Հայաստան վերադարձնելու համար։

168.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարությանը, նկատեց՝  վերջին տարիների ընթացքում Վրաստանը հնարավորություն ունեցավ այս հարցում աջակցելու Հայաստանին ու Ադրբեջանին։

«Կարծում եմ՝ այստեղ կարևոր է նաև Միացյալ Նահանգների միջնորդությունը, քանի որ միայն Վրաստանը չունի այն լծակները կամ այն հնարավորությունները, որպեսզի կարողանար միայնակ այդ հարցում դերակատարություն ունենար։ Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանը 2-3 ամիս մասնակցում էր այս հարցի շուրջ քննարկումների, կարծում եմ՝ պետք է հստակ ֆիքսենք, որ կարևոր գործընթաց էր, որը տվեց իր արդյունքը»,- նշեց Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այստեղ հարցը նրանում է, որ գերիներին վերադարձրել են ինչ-որ բանի դիմաց, այս պարագայում՝ քարտեզների, ուստի հարցն այն է, որ կողմերն իրար առաջարկելու ինչ-որ բան ունեն, այլ հարց է, թե ապագայում կլինի՞ շահերի նման համընկնում, թե՞ չի լինի՝ այստեղ շատ գործոններ կան։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Վրաստանի շահերից է բխում տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը։

«Վրաստանի այսօրվա իշխանությունները հարցեր ունեն լուծելու թե՛ արտաքին աշխարհի հետ, թե իրենց ներքին գործընթացներում։ Կարծում եմ՝ այս երկու օրերի ընթացքում Վրաստանի իշխանությունները ևս մեկ անգամ կարողացան ցույց տալ, որ իրենք Միացյալ Նահանգների դաշնակիցն են տարածաշրջանում, Արևմուտքի հետ հստակ ու ակտիվ կապեր ունեն և կարողանում են այդ տանդեմի մեջ աշխատել նաև տարածաշրջանի որոշակի հարցերի շուրջ։ Թե՛ ներքին վարկանիշի առումով այս ամենը դրական միտում ունեցավ, թե՛ արտաքին բլոկի մասով։ ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան դրա վառ ապացույցն էր։ Ըստ իս, Վրաստանն այս ամենի մեջ բավականին շահեկան վիճակում է գտնվում, քանի որ ցույց են տալիս՝ այն առաջարկը, որը նախկինում արել էին, որ նույնիսկ կարող են միջնորդ լինել, այս փուլում այդ միջնորդության որոշակի տարրեր կարողացան կատարել։ Կարծում եմ՝ Վրաստանը կաշխատի նաև ավելի լուրջ դիրքերով հանդես գալ ու ավելի լուրջ միջնորդության առաքելությամբ ապագայում հանդես գալ»,- հավելեց փորձագետը։

Այս համատեքստում, կարևոր է ընդգծել, թե որքանով են պաշտոնական Երևանն ու Բաքուն այս ամենը հասկանում և որքանով են դրան կարևորություն տալիս։ Հետևաբար՝ այդ ամենը հասկանալուց հետո հնարավոր կլինի ակնկալել ու սպասել նոր գործընթացների։

«Վրաստանի համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, որքան շուտ այդ կայունությունը հաստատվի, այնքան իրենց համար օգուտ է, քանի որ Վրաստանը հանդես է գալիս՝ որպես պետություն, որն օգտվում է այդ խաղաղությունից, նոր ձևավորվող ստատուս-քվոյից։ Այսօր ունենալով նոր մարտահրավերներ, Վրաստանը փորձում է այս նոր իրավիճակում իր տեղն ու դերը գտնել։ Նույն Արցախի հակամարտության մեջ չլինելով բանակցային եռակողմ ձևաչափում, կոնկրետ հարցերի շուրջ ստանձնում է դերակատարություն, մենք տեսանք, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ  հենց Վրաստանի միջոցով կարողացան այս հումանիտար հարցը լուծել»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս