«Այս գործով ձեռք բերված ապացույցները քարուքանդ են լինելու այնպես, ինչպես հարյուրավոր նման գործեր քարուքանդ եղան մեր դեմ». Արսեն Բաբայան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանի խոսքով՝ Արմավիրի նախկին քաղաքապետ, դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի մարմնի կողմից, որն իրավասու չէր այդ գործը հարուցելու, խոսքը Քննչական կոմիտեի մասին է։

«Այսպիսի գործերը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը։ Ձերբակալությունն իրականացրել է այն մարմինը, որը չուներ դրա իրավասությունը, և այդ մարմնի ապօրինի գործողությունները պարոն Խլղաթյանի պաշտպանական թիմը բողոքարկել է դատարանում։ Այս ընթացքում կամ դրա հաջորդ օրը ես և փաստաբան Գայանե Պապոյանն ասուլիսի ընթացքում տեղեկացրել ենք այս մասին, որից մեկ ժամ հետո ՀՔԾ-ն այս գործն ուզել է Քննչական կոմիտեից։ Այդ ընթացքում առաջացել են արհեստական բարդություններ, նախ, առաջին դատավորն ինքնաբացարկ է հայտարարել ու ասել, որ գործը չի կարող քննել, երկրորդ դատավորն ասել է՝ քանի որ գործը ՀՔԾ-ում է, այդ գործը չի կարող քննել և գործն ուղարկել է Երևան քաղաք։ Այս ամբողջի ընթացքը հանգեցրել է նրան, որ մարդը շարունակել է լինել անազատության մեջ»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արսեն Բաբայանը։

Ըստ նրա, Ռուբեն Խլղաթյանը հայտնի անձ է իր մարզում և առհասարակ Խլղաթյան-ընտրակաշառք եզրույթներն իրար հետ առհասարակ համադրելի չեն, որովհետև նրա հեղինակությունն ու համակիրների քանակը որևէ կերպ ընտրակաշառ տալու անհրաժեշտություն չի առաջացնում, հակառակը՝ բացառում է։

«Այս գործով ձեռք բերված ապացույցները քարուքանդ են լինելու հենց այնպես, ինչպես հարյուրավոր նման գործեր քարուքանդ եղան, որոնք իրականացվում էին մեր դեմ։ Հիմա այս փուլում մակերեսային փաստերը գուցե բավարար են նման հաղորդագրություն տարածելու համար, բայց վստահեցնում եմ, հենց գա իրական քննության ժամանակ, բոլորդ կտեսնեք, այնպիսի ծիծաղելի փաստեր են քանդվելու։ Այս գործընթացի նպատակն է, որպեսզի մեկուսացնեն պարոն Խլղաթյանին, որպեսզի այդ համայնքում իբր մենք չունենանք հաղթանակ, բայց վստահեցնում եմ, որ դա մեզ չի խանգարելու»,- եզրափակեց Արսեն Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս