«Այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունի. իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը». Արսեն Բաբայան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքին՝ տեղեկացնելով, որ ՀՀ մարզերում ու Երևանի վարչական շրջաններում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավն անցնում է գերազանց։

«Բոլոր տեղերում հանդիպելով քաղաքացիների հետ, մեկ անգամ ևս համոզվում ենք, որ այս իշխանություններին հեռացնելն առաջնահերթություն է։ Եվ բոլոր տեղերում համոզվում ենք, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն որևէ կերպ չունի։ Մեր քարոզարշավի ընթացքում մեր վարկանիշի աճն ամենևին դուր չի գալիս այս իշխանությանը, ինչը երևի թե նորմալ է ու սպասելի էր։ Սա է պատճառը, որ վերջին օրերին հատկապես մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, և դրա վառ օրինակն է պարոն Խլղաթյանի նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը, թե իբր նա ընտրակաշառք տալու ինչ-որ անհեթեթ դեպքի հետ առնչություն ունի»,- ասաց Արսեն Բաբայանը։

Նա չբացառեց, որ, օրինակ, իշխանություններն  ընտրությունների արդյունքում պարտվելուց հետո, վերջում կարող են կանգնել ու հայտարարել, թե ընտրությունները կեղծել է ընդդիմությունը։ Ավելին՝ իշխանությունը պատրաստ է նույնիսկ այդ հիմարագույն մեթոդով կրկին իշխանությունը զավթել։

Նա անդրադարձավ նաև Էջմիածնի քաղաքապետի և Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի միջև եղած զրույցի ձայնագրության տարածմանը։

«Այն, որ մենք տևական ժամանակ ասում ենք, որ այս մարդու մոտ հոգեկան անհավասարակշռություն է, հիմա փաստվում է՝ նույնիսկ իր թիմում բոլորը հրաշալի գիտեն, որ այդ անձի մոտ կա հոգեկան անհավասարակշռություն։ Նրա թիմակիցները շատ լավ պատկերացնում են նրա վիճակի մասին, և նրա կողմից այդ ագրեսիան, այդ վիրավորական արտահայտությունները նաև սրա հետևանքն են։ Դուք պատկերացրեք, որ մարդը գիտի, որ մի քանի օրից պետք է ենթարկվի պատասխանատվության իր կատարած հարյուրավոր հանցագործությունների համար։ Ուզում եմ հույս հայտնել, որ մեր իրավապահ մարմինները հետևելով այս ամենին, գնահատելով իրավիճակը, նաև ընտրությունների արդյունքներն աչքի առաջ ունենալով՝ կկատարեն իրենց վրա դրված պարտավորությունները։ Թույլ չեն տա, որպեսզի կապիտուլյանտ իշխանությունը փորձի ևս մեկ անգամ հեղաշրջման միջոցով զավթել իշխանությունը»,- հավելեց Արսեն Բաբայանը։

Նա ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի հնարավորությունները բարձր է գնահատում իշխանություն ձևավորելու հարցում, դրա մասին են վկայում բազմաթիվ հարցումներ։

Ինչ վերաբերում է խորհրդարան անցնելուց հետո «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորություններին, Արսեն Բաբայանը նկատեց. «Վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողություններին, իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս