Մարտունու ԲԿ-ից Երևան է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 12 երեխա
Մարտունիու ԲԿ-ից հունիսի 12-13-ը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» են տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 բուժառու, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով: Նույն ժամանակահատվածում Մարտունու ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր, 30 լվացուկ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ»,- նշում են ԱՆ-ից:
Բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխայից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն հոսպիտալացված երկու բուժառուի մոտ հայտնաբերվել է ներհիվանդանոցային վարակի հարուցիչ` կլոստրիդիում դիֆիցիլե, իսկ երկու նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը: Նմուշները տեղափոխվել են նաև ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», որտեղ կլոստրիդիում դիֆիցիլեն հաստատվել է:
Այժմ աշխատանքներ են տարվում` բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը պարզելու ուղղությամբ: