Թող մասնակցեն. ոչինչ, անմիջապես հետո կգնանք դասի. տնօրենը՝ Փաշինյանի քարոզարշավին մասնակցող աշակերտների մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում՝ Արևշատ համայնքում: 168.amը ուշագրավ դրվագների է ականատես եղել։ Օրինակ,  քարոզարշավի մասնակիցներին «գռուպպա պադդերժկի» էին եկել դպրոցականները՝ տնօրենի գլխավորությամբ:

Ուսուցչուհի ընկեր Թարվերդյանը, օրինակ, նշեց, որ իր «աշակերտների ցանկությամբ» են եկել աջակցելու Փաշինյանին:

Հարցին՝ արդյոք նախապես տեղեկացրե՞լ են իրենց, նա պատասխանել է. «Մեզ չեն ասել. մեր ցանկությունն է եղել: Մեր ցանկությամբ եկել ենք, որ մասնակցենք, ծանոթանանք ծրագրին»:

Դիտարկմանը, թե որպես ուսուցչուհի՝ ճի՞շտ է համարում երեխաների մասնակցությունը քարոզարշավին, նա արձագանքեց. «Իրենք են հենց ցանկացել, իրենց ցանկությամբ ենք եկել»:

Առավել ուշագրավ պատասխան է տվել տնօրենը. «Երեխաներն ուզեցին, մենք որոշեցինք՝ թող մասնակցեն. ոչինչ: Անմիջապես հետո կգնանք դասի»:

Կադրերում մեկ ուրիշ մասնակից էլ երեխաներին հորդորում է այնպես պահել բուկլետները, որ երևան:

Տեսանյութեր

Լրահոս