
Բացահայտվել է Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքը

2021թ. հունիսի 12-ին՝ ժամը 15:30-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմաթիվ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչուհի, ով հիվանդանոցում մահացել է: «
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մտել է Արտաշատ քաղաքի բնակչուհու տան խոհանոց և կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել նրան:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տան միջանցքում և խոհանոցում հայտնաբերվել են արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի բնակիչ է՝ 21 տարեկան: Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացուն սպանելու կասկածանքով: