Կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ․ ադրբեջանցի զիծառայողների ներկայությունը Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ խախտում են ՀՀ բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունքը, Կոնվենցիայի 2-րդ հոդված,

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, 5-րդ հոդված,

3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, 8-րդ հոդված,

4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,

5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն:

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:

Մենք ՀՀ կառավարությանը կդրամադրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Տեսանյութեր

Լրահոս