Բաժիններ՝

«Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը»․ Արման Թաթոյան

Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում:

Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում:

Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին:

Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, և միավորներ ավելանում են` կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի:

Ստացվել է այնպես, որ նախընտրական քարոզարշավը նրա համար է, որ ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ, իսկ հանրային քննարկմանը տիրույթն էլ լցվի միայն իշխանավեճի օրակարգով՝ լի վիրավորանքով ու հայհոյանքով:

Բայց նման հռետորաբանություն օգտագործող քաղաքական ուժերն ուղղակի անտեսում են, որ այդ ամենից հետո մարդիկ սոցիալական ցանցերում ու անգամ սոցիալական ցանցերից դուրս սկսում են այդ նույն վիրավորանքի ու հայհոյանքի բառերով ընտրությունների վերաբերյալ հակառակ կարծիք ունեցողներին վիրավորել, հայհոյել ու ծաղրել:

Այդ քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ նշված արատավոր երևույթներն իրենց հերթին լարված են պահում մթնոլորտը, երկարաժամկետ հեռանկարով խորացնում են բեևեռացումն ու անհանդուրժողականությունը: Նշված քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ արժանապատվությունը վիրավորող հռետորաբանությունը սադրիչ է և կարող է իրական կյանքում փոխակերպվել բռնության:

Ուստի, պետք է հաշվի առնել նույնիսկ յուրաքանչյուր բառի կամ արտահայտության փոխաբերական բոլոր իմաստներն ու տարակարծիք ընկալման հարցերը: Սա հատկապես վերաբերում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթներին:

Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը:

Քաղաքական ուժերն ու հատկապես հանրային գործիչները պետք է բոլորին հորդորեն հարգել մարդու յուրաքանչյուր իրավունք, հատկապես՝ արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը: Պետք է սեփական օրինակով նպաստել երկրում համերաշխության վերականգնմանն ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Ի վերջո, ակնհայտ է, որ եթե մարդկանց իրական խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ քննարկելու փոխարեն շարունակվի հայհոյանքի ու վիրավորանքի օրակարգի զարգացումը, մարդիկ այդպես էլ չեն կարողանալու հստակ պատկերացում կազմել, թե իրենց կենսական խնդիրները լուծելու համար ում օգտին պետք է քվեարկեն, որ հետո էլ կարողանան վերահսկողություն իրականացնել հանրային իշխանություն ձևավորած քաղաքական ուժի նկատմամբ:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս