«Փաշինյանին մաղթում եմ, որ ամբողջ կյանքը գերի մնա Բաքվում». Վահե Բեգոյան

«Դա պարզ առևտուր էր. 15 գերիները հենց այնպես հետ չեկան, Ադրբեջանին տրվեց բավականին լուրջ քարտեզ, որի դիմաց կարելի էր գոնե բոլորին հետ բերել: Այս առումով՝ ես չեմ կարծում, թե դա գոնե գիտակից մարդկանց մոտ ինչ-որ կերպ կփրկի Փաշինյանի վարկանիշը, իսկ նրա վարկանիշը ուղղակի ազատ անկման մեջ է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի վարկանիշի անկմանը նպաստում է քարոզարշավի ժամանակ վարչապետի ԺՊ-ի և նրա թիմակիցների ասած ամեն մի բառը.

«Սա այն լավագույն դեպքն է, երբ պետք է պարզապես չխանգարես, որ իրենք խոսեն, որովհետև իրենց արտահայտած ապուշությունները այն աստիճանի են, այնքան կոսմիկական մասշտաբների… ասենք՝ Լենա Նազարյանի ասած տեքստերի նման ապուշություն ուղղակի հնարավոր չէ անգամ ենթադրել, և դրանից հետո ի՞նչ վարկանիշի մասին է խոսքը»:

Անդրադառնալով քարոզարշավի ժամանակ գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե «գերիները մեզ կներեն, եթե մի երկու ամիս ավել մնան Ադրբեջանում», Վահե Բեգոյանը հետևյալն ասաց. «Ես կմաղթեմ Փաշինյանին, որ ամբողջ կյանքը գերի մնա Բաքվում»:

Ինչ վերաբերում է սեփական որդուն Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու Փաշինյանի առաջարկությանը, Բեգոյանը դա որակեց՝ հերթական էժան, անհեթեթ և գերտգետ մարդկանց մոտ ինչ-որ էմոցիաներ առաջացնող ապուշություն:

Նիկոլ Փաշինյանն օրերս խոսել էր հոգևորականներից մինչև քաղաքական էլիտա ժողովրդի առաջ ծնկի բերելու, խոնարհեցնելու մասին, ինչին Մայր Աթոռից պատասխանեցին, որ ցավ են հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար, որոնք բացարձակ առնչություն չունեն մեր կյանքի իրողությունների հետ։

Վահե Բեգոյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք այն մարդն է, որ կարող է խոսել ծնկի բերելուց, և ինչո՞ւ են նույնիսկ այս քարոզարշավի թեժ շրջանում նրա թիրախում կրկին Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները:

«Այս արտահայտությունը շատ բազմաշերտ է և պետք է բացել՝ հասկանալու համար մարդու տգիտության կամ գիտակցված արված մանիպուլյացիայի աստիճանը: Ասում է՝ էլիտաներին ծնկի կբերի ժողովրդի առաջ. ժողովուրդը բաղկացած է նաև էլիտաներից: Նեոբոլշևի՞զմ է քարոզում, այսինքն՝ ո՞վ է ժողովուրդը: Ժողովրդի մաս են նաև էլիտաները, ինչպես ուղեղը օրգանիզմի մաս է, և այդ էլիտաներն են ժողովրդի շարժիչ ուժը, ուղին թելադրողը, առաջնորդողը, ո՞ւմ է ում առաջ ծնկի բերելու: Կարո՞ղ է՝ վաղը-մյուս օրը մի հատ էլ ժողովրդի թշնամի հայտարարի: Տգետագույն, հիմար մանիպուլյացիա է: Հայ հոգևորականությունը հայ ժողովուրդն է և հայ ժողովրդի մոտ 90 տոկոսից ավելիի եկեղեցու առաջնորդներն են, արտահայտում են այդ ժողովրդի կարծիքը: Շատ ամփոփ, շատ խիստ կերպով Հայաստանի եպիսկոպոսների ժողովը՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, իր դիրքորոշումը հայտնել է տգետ և իսկապես մեր իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող արտահայտության հետ կապված: Չի կարող լինել ժողովուրդ՝ առանց էլիտաների. դա ամբոխ է: Իշխանության հիմնական ֆունկցիան հասարակության տարբեր շերտերի մեջ նորմալ փոխհարաբերություններ կառուցելն է»,- ի պատասխան՝ ասաց Բեգոյանը:

Նրա խոսքով՝ դասակարգային թշնամանք մտցնելը հիմարություն է. «Էլիտան ժողովրդի ուղեղն է, հոգևորականությունը ժողովրդի խիղճն է, և սրանց ամբողջության մեջ է մեր ուժը, ոչ թե՝ դասակարգային պառակտման: Իր իսկ ձևակերպմամբ՝ հոգեխանգարում ունեցողի ուղեղում կարող էր առաջանալ նման միտք, որ կապիտալիստական երկրում նման ապուշություն ասի: Վաղը-մյուս օրը կուլակաթափությա՞ն է անցնելու: Նրա նպատակը թշնամանք տարածելն է: Հասարակության գիտակից մասսան, որն իրեն դեմ է, անվախ կերպով արտահայտում է իր դիրքորոշումը, արհեստականորեն փորձում է նրանց անջատել ժողովրդից, ներկայացնել իբրև ժողովրդի թշնամի, մինչդեռ դա ժողովրդի անտրոհելի մաս է: Օրգանիզմը չի կարող կենդանի մնալ, եթե ուղեղը չի աշխատում: Եթե ուղեղը չի գործում, ապա անկախ նրանից՝ մյուս օրգանները գործո՞ւմ են, թե՞ ոչ, դա բույս է, մարդ չէ: Նույնը հասարակության դեպքում է, եթե էլիտաները չկան՝ մտավորականություն, հոգևորականություն, գիտնականներ, արվեստագետներ, ուրեմն այդ ժողովուրդն ի՞նչ է, նրանք են պայմանավորում ժողովրդի տեսակն ու ձևը, որոշում՝ ինչ է այդ ժողովուրդն իրենից ներկայացնում»:

Վահե Բեգոյանի խոսքով՝ Փաշինյանն ամեն քայլի կդիմի, որպեսզի չկորցնի իշխանությունը. «Նա ոչ մի բանի առջև կանգ չի առնի՝ ընտրակեղծիքներից սկսած՝ մինչև բախումներ: Հասարակության գիտակից շերտը պետք է միավորվի և անպայման մասնակցի ընտրություններին՝ ձայն չտալով մանր կուսակցություններին, որոնք չեն անցնելու, և դա ակնհայտ է, և դրանով չփոշիացնեն իրենց ձայները: Պետք է հասկանան, որ այս անձից, այս խայտառակ իշխանություններից պետք է ազատվել:  Այս տարիներին մեղավոր կարգված «բոբոները», որոնք իրականում հայրենիք են պահել, սարքել, որոնց ժամանակ ապրել ենք ապահով, զբաղվել ենք մեր գործով… գիտեք՝ ես երազում եմ, որ գան ժամանակներ, որ ես զբաղվեմ միայն իմ գործով, և մենք այդ երանելի ժամանակները ունենանք նորից, երբ կարողանանք անվտանգ մեր երկրի ցանկացած կետը գնալ և զբաղվել մեր գործով: Այ, կենտրոնանան այսպիսի անձերի վրա, չփոշիացնեն իրենց ձայները, այլ ընտրեն ուժերի, որոնք պարզապես դուրս կշպրտեն սրանց, և նաև ունեն հսկայական գիտելիքի, փորձի պաշար՝ երկիրը ղեկավարելու, ոտքի հանելու, այս ժողովրդին նորմալ վիճակի բերելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս