«Ընտրություններից հետո մենք իրականացնելու ենք դիվանագիտական ծառայության բովանդակային էական բարեփոխում». Նիկոլ Փաշինյան
Անվտանգության ապահովման խնդրի համատեքստում Եղվարդում Նիկոլ Փաշինյանը կարևորեց ՀՀ դիվանագիտական ծառայության բովանդակային էական բարեփոխումը:
«Ընտրություններից հետո մենք այդ բարեփոխումն իրականացնելու ենք»,- շեշտեց նա:
Անվտանգային խնդիրների համատեքստում Փաշինյանը կարևորեց միջազգային, տարածաշրջանային և դաշնակցային հարաբերությունները:
«Շատ կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը: Մենք շարունակելու ենք ռազմավարական գործընկերության զարգացումը և խորացումը ՌԴ-ի հետ, որը մեր անվտանգային թիվ մեկ գործընկերն է: Այսօր էլ Սոթքից մինչև Խոզնավար հատվածի սահմանային իրադրության հետ կապված ամենօրյա ակտիվ շփումների մեջ ենք ՌԴ գործընկերների հետ: Եվ աշխատում ենք իրականացնել այն առաջարկը, որը, ըստ էության, վերաձևակերպել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ինչի մասին է դա. երկու կողմի զորքերը հայելային եղանակով վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, այդ հատվածում տեղակայվում են ռուս սահմանապահներ, և միջազգային հովանու ներքո, նաև միջազգային դիտորդներ, այդ թվում՝ ՄԽ համանախագահությունից կամ ԵԱՀԿ-ից, մենք սկսում ենք սահմանի այդ հատվածի դելիմիտացիան և դեմարկացիան»,- նշեց նա՝ կրկնելով, որ դեմարկացված սահման նշանակում է՝ պարիսպ մեր երկրի շուրջ: