Չի կարելի սահմանազատման խնդիրը քննարկել այն իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավի 7-րդ օրը սկսեց Նոր Նորք վարչական շրջանից։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե ընտրություններից հետո կյանքի կոչվի իրենց ներկայայցրած օրակարգը, ապա ռազմագերիների խնդիրը կարող է արագ լուծվել։

Նա կարևորեց երկրի ներսում խնդիրները լուծելն ու արտաքին ճակատում ուժեղանալը։

Խոսելով սահմանազատման մասին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ վաղ թե ուշ այն պետք է իրագործվի։

«Սակայն չի կարելի սահմանազատման խնդիրը քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են՝ դե արի սահմանները գծենք իրար հետ»,- նշեց վարչապետի թեկնածուն։

Դիտարկմանը՝ որոշ քաղաքական ուժեր ասում են, որ հույս չպետք է դնել ՀԱՊԿ-ի վրա, որովհետև խնդիր չի լուծում, Էդմոն Մարուքյանն ընդգծեց․ «Այնպես չէ, որ Հայաստանում բոլորն իրենց հույսը դրել են ՀԱՊԿ-ի վրա։ Ուղղակի դա այն կազմակերպությունն է, որի անդամն ես ու առաջինը նրան ես դիմում, սկսվում է գործընթաց կամ չի սկսվում։ Արտաքին քաղաքական մեր դաշտը, մեր հարաբեությունները խառնված են իրար, քաոսային վիճակում են։ Ինչպես որ երկրի ներսում է քաոս առաջացել, այնպես էլ արտաքին հարաբերություններում է ու այդ վիճակը պետք է կարգի բերել։ Այն, որ բազմաթիվ փաստաթղթեր ունենք ստորագրած ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ, դրանք բոլորը պետք է  քննարկել՝ տեսնենք, թե որ մասն է գործում, որ մասը՝ ոչ ու ինչ պատճառով։ Այս իմաստով բնականաբար պետք է աշխատել Արևմուտքի երկրների հետ»։

Անդրադառնալով ճանապարհների շրջափակմանը՝ վարչապետի թեկնածուն նշեց, որ դրան այլընտրանք չկա։

«Կարծում ենք՝ մինչև ՀՀ օրենսդրությունը չվերանայվի և չհարմարեցվի սահմանների բացմանը, չի կարելի գնալ դրան։ Չի կարող Թուրքիայի քաղաքացին միջնորդավորված կամ ուղղակիրոեն կարողանալ ՀՀ-ում գույք, հող, արժեթղթեր ու այլ բան գնել, որը մեր ազգային անվտանգությանը կարող է վնաս հասցնել։ Ես հիմա չեմ կարող գնալ իմ պապական Կարսը և այնտեղ հող գնել ու ասել՝ ուզում եմ այստեղ բամբակ ցանել։ Ոչ ոք չի վաճառի դա ինձ, անհնար է։ Ուղղակի մի 20 տարի ԱԳՆ պաշտոնյաներն ասել են՝ այո, իսկ ի՞նչ եք արել, տնային աշխատանքը որն է եղել, որը օրը դա ու մենք պատրաստ լինենք»,- եզրափակեց վարչապետի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս