«Կապիտուլյանտի Հ1-ով կարելի է ասել՝ Տիգրանաշենն ադրբեջանական է, բայց չի կարելի հեռարձակել հոլովակ անասունի մասին». Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց  «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի 7 օրերը՝ նշելով, որ այն բոլոր ծրագրերն ու գործողությունները, որոնք իրականացնում է դաշինքը քաղաքացիների հետ շփումների համար՝ հաջողության են հասնում։ Եվ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների ու աջակիցների թիվն անշեղորեն աճում է։

«Դրա լավագույն ապացույցն իշխանության այն բոլոր ռեպրեսիվ ապարատն է, որն ուղղվել է «Պատիվ ունեմ» դաշինքի վրա։ Մենք կարող ենք խոսել թե՛ շինծու քրեական գործերի մասին, թե՛ երեկ  Հանրային հեռուստաընկերության կողմից մեր քարոզչական տեսահոլովակը եթեր չհեռարձակելը։ Սա վկայում է միայն մեկ բան՝ «Պատիվ ունեմ» դաշինքն ամենահավանական հաղթողներից է։ Սա գիտակցելով՝ իշխանություններն իրենց ամբողջ ռեպրեսիվ ապարատն ուղղել են դեպի մեզ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, երբ Հանրային հեռուստաընկերության քայլի վերաբերյալ դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, Հանրայինը բաց հայտարարությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ՄԻՊ-ին, ՀՌԱՀ-ին՝ նշելով իրենց նկատմամբ քաղաքական ճնշումների մասին։

«Ես ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները հասկանան մի բան՝ կապիտուլյանտի Հայաստանում Հանրայինով կարելի է  ասել, որ Տիգրանաշենն ադրբեջանական բնակավայր է, բայց չի կարելի հեռարձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հոլովակը, որտեղ խոսվում է մի անասունի մասին։ Հանրայինը որոշեց, որ դա վերաբերում է  վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, որտեղ խոսվում է  ամենաատելի օլիգարխի՝ Գռզոյի մասին, Հանրայինը որոշեց, որ դա եթեր գնալ չի կարելի։ Փաստենք, որ Հայաստանում քաղաքական գրաքննության դեպք ունենք, որը գործում է միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս