Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով, Լոռիում կատարված հանցագործությունը բացահայտվել է
Հունիսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով 31-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Տուժողը անգիտակից վիճակում էր և կատարվածի վերաբերյալ նրանից որևէ բան պարզելն անհնար էր: Հանցագործության բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին:
Քրեական հետախույզները փորձում էին պարզել, թե ովքեր և որտեղից էին տուժողին հիվանդանոց տեղափոխել, երբ ժամը 2.30-ին հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. 31-ամյա տղամարդը վիրահատարանում մահացել էր:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Սպիտակի բաժնի և Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է Լոռու մարզի Արևաշող գյուղի 33-ամյա մի բնակիչ. Սպիտակ քաղաքից Արևաշող տանող ճանապարհին անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել էր տուժողին:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանեց կատարածը։
33-ամյա տղամարդը ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին և ձերբակալվել: Դանակը հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։