«Սևացնել, արժեզրկել անկախության գաղափարը՝ անընդունելի է». Անդրանիկ Մարգարյան

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դեռ 1960-ականներից էր սկսել իր քաղաքական գործունեությունը. 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ խորհրդի անդամ։ Ընդամենը մեկ տարի անց նա ձերբակալվել է և դատապարտվել  երկամյա ազատազրկման՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով:

Անդրանիկ Մարգարյանի կուսակից ընկերները, գաղափարակիցները նրան հիշում են որպես բացառիկ քաղաքական գործչի, որը խորհրդային համակարգի ամենատես աչքի առաջ անգամ երազում էր հայրենիքի, դրա կորսված հատվածների վերականգնման մասին, հիշում են որպես բացառիկ մարդու, որին չփոխեց պաշտոնը:

Այսօր Անդրանիկ Մարգարյանի 70-ամյա հոբելյանի առթիվ Կոմիտասի անվան այգու պանթեոնում էին նրա ընկերները, ընտանիքի անդմաներն ու պարզապես քաղաքացիներ, որոնք վարչապետ Մարգարյանին հիշում են որպես մարդու, որն իր կյանքը ծառայեցրեց հայրենիքին:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ էր հղել  Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 70-ամյակի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Այսօր մենք արժանին ենք մատուցում պետական-քաղաքական ականավոր գործիչ, իր հայրենիքի և ժողովրդի նվիրյալ զավակ, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի պայծառ հիշատակին՝ նրա ծննդյան 70-ամյակի առթիվ:

Անդրանիկ Մարգարյանի կյանքն ու գործունեությունը՝ սկսած խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանի անկախության համար ընդհատակյա պայքարից մինչև անկախացած Հայաստանում քաղաքական, պետական ակտիվ գործունեություն, արժանի են միայն խորին հարգանքի և գնահատանքի: Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման երախտավորների փաղանգում»:

 

Տեսանյութեր

Լրահոս