«Երեք ընտրությունների ժամանակ եղել եմ Հանրայինի իրավաբանական բաժնի ղեկավարը. այդ ընթացքում չի եղել որևէ դեպք, երբ բովանդության հիմքով որևէ կուսակցության տեսահոլովակ մերժվի». Հայկ Ղազազյան

Հանրային հեռուստաընկերության իրավաբանական բաժնի նախկին ղեկավար Հայկ Ղազազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խիստ մտահոգիչ է Հանրային հեռուստաընկերության կողմից կուսակցություններից մեկի նախընտրական տեսահոլովակը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը։

Համաձայն Ընտրական օրենսգրքի, «ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ»:

Օրենքով նաև սահմանվում է, որ «տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է»:

Երեք ընտրությունների ժամանակ (2 Աժ, 1 Երևանի ավագանու) եղել եմ Հանրայինի իրավաբանական բաժնի ղեկավար, շատ լավ պատկերացնում եմ այս պրոցեսը։ Այդ ընթացքում չի եղել որևէ մի դեպք, երբ բովանդության հիմքով որևէ կուսակցության տեսահոլովակ մերժվի։ Դրանք պետք է լինեն բովանդակային առումով «անձեռնմխելի», որոշ եզակի բացառություններով։ Տեսահոլովակի բովանդակության համար ամբողջական պատասխանատվություն է կրում կուսակցությունը, ինչն արտացոլված է համապատասխան պայմանագրով, որը իրենք ստորագրում են։ Հանրայինը ընդամենը այդ տեսահոլովակները հեռարձակելու «միջոց» է (media), այլ ոչ թե վերահսկողական լիազորություններով օժտված մարմին։

Նաև նշեմ, որ որևէ կերպ կասկածի տակ չեմ դնում Հանրայինում աշխատող իրավաբանների պրոֆեսիոնալիզմը։ Եթե այս մտահոգիչ իրողությունը ճիշտ է, այն ունի լրիվ այլ պատճառներ, որոնք պետք է անհապաղ վերացվեն»։

Տեսանյութեր

Լրահոս