Պարզ է, որ այս իշխանությունները չեն հաղթելու, և պարզ է, որ այլ հետընտրական պրոցեսներ են նախապատրաստվում, ինչը շատ վտանգավոր է. Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ)  պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանն այն կարծիքին է, որ իրենց քարոզարշավն ամեաարդյունավետն է, և որ իրենք կարող են այլընտրանք լինել դեռևս չկողմնորոշված ընտրողների համար:

«Մեր շփումները և քարոզարշավը ցույց են տալիս, որ կտրուկ աճ ենք գրանցել, և այս առումով որևէ անհանգստություն չունեմ, համոզված եմ, որ լավ արդյունք գրանցելու ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ քարոզարշավի ժամանակ քաղաքացիների անհանգստությունները հիմնականում անվտանգային հարցերին են վերաբերում.

«Երբեմն նաև ՏԻՄ-ին վերաբերող հարցեր են բարձրացնում, ասում են՝ ով մեր տանիքը վերանորոգի՝ նրան էլ կընտրենք: Սա միշտ կա, բայց հիմնական մտահոգությունն անվտանգային խնդիրներն են, թե ինչ է լինելու: Հիմնականում, երբ մարդիկ մոտենում են, ասում են՝ այսպես ինչքա՞ն կարելի է շարունակել՝ իրար հայհոյելով, իրար սպառնալով, համախմբվեք, միավորվեք: Մեզ ուղղված հիմնական հարցադրումներն այսպիսին են, և մեր մեսիջն էլ հենց դա է՝ համախմբում, ազգային համաձայնության կառավարության ձևավորում: Մենք դա պատկերացնում ենք քաղաքացու քվեի միջոցով, երբ որևէ ուժ չի ստանում բացարձակ մեծամասնություն, և պետք է լինեն քաղաքական կոալիցիաներ, այդտեղ համախմբվեն բոլոր այն կարող ուժերը, ովքեր ունակ են մի կողմ դնել այս հայհոյախառն ելույթները, միավորվել և այդ միավորման արդյունքում լուծել առկա խնդիրները»:

Ճշտող հարցին՝ միավորում նաև Նիկոլ Փաշինյանի՞ հետ, նա պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանը միավորման իմաստով անտագոնիստ է, տեսանելի է, որ նա միավորվողը չէ, և դրա համար մեր հույսը ոչ թե նրա ողջամտությունն է… այսօր լսում էի ելույթը, ասում էր՝ ընտրությունների ժամանակ ցույց կտաք, թե ովքեր են ժեխերը, բայց եթե քաղաքացին չի տալիս Փաշինյանին մեծամասնության քվե, այլ քվեարկում է հանուն «Լուսավոր Հայաստանի» և ասում, որ մենք ուզում ենք, որպեսզի համերաշխություն և համախմբվածություն տիրի, այդ պարագայում նա այլ հնարավորություն չի ունենա, քան հաշտվելու համերաշխության օրակարգի հետ: Մենք տեսնում ենք, որ իշխող ուժը տվել է ծանուցումներ հանրային հավաքի՝ Հանրապետության հրապարակում հունիսի 21-24-ը, նշելով, որ պետք է 200 հազար մարդ հավաքի, և սրանով, փաստորեն, շարունակում է խորացնել այդ լարված մթնոլորտը: Ինչքան էլ որ ասեն՝ դա հաղթանակը տոնելու համար է, պարզ է, որ չեն հաղթելու, երկրորդ՝ պարզ է, որ այլ հետընտրական պրոցեսներ են նախապատրաստվում: Այդ ե՞րբ է Հայաստանում ընտրություններից հետո նման հավաք եղել, ինչի՞ համար է դա՝ պառակտվածությունը խորացնելո՞ւ, որովհետև ընտրություններից հետո բարիերները վերանում են»:

Դիտարկմանը՝ Փաշինյանը ասել է, որ քաղաքական վենդետաներ են լինելու, և, որ իր աջակիցները պատրաստվեն քաղաքական վրեժի, նա արձագանքեց.

«Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այդ ցնորված միտքը չպետք է կյանքի կոչվի, հունիսի 20-ին ունեն հնարավորություն՝ գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել համերաշխության օգտին: Ատելության դոզան օրեցօր բարձրանում է, հանրային հավաքների ծանուցում է տվել նաև «Հայաստան» դաշինքը՝ Ազատության հրապարակում, և սա շատ վտանգավոր մթնոլորտ է, որն ինձ հիշեցնում է 2008թ., որի դերակատարներից մեկը պարոն Փաշինյանն էր: Ընդդիմությունը կարող է ասել, որ ընտրությունները կեղծվել են, բայց երբ իշխանությունն է պատրաստվում ընդվզել, նշանակում է, որ լավ բան սպասել պետք չէ»:

Հարցին՝ «Լուսավոր Հայաստանն» անգամ նախընտրական տեսահոլովակի գաղափարն է գողանում Կանադայի վարչապետից, ինչպե՞ս են համախմբելու քաղաքական ուժերին, նա պատասխանեց.

«Այն, ինչ հիշեցնում եք, հեղինակային իրավունքի որևէ խախտում չի առաջացրել, որովհետև մենք լիբերալ կուսակցություն ենք, և Կանադայի Լիբերալ կուսակցությունը, որի ներկայացուցիչն է վարչապետ Ջասթին Թրյուդոն, ընդգրկված է ԱԼԴԵ լիբերալ ժողովրդավարների միջազգային ալյանսում, և մենք այս ընթացքում ներգրավվել և խորհրդատվություն ենք ստացել մի շարք քաղտեխնոլոգներից, այսինքն՝ ԱԼԴԵ-ի նույն ռեսուրսն է: Նույն մարդը, ով կազմավորել էր դա, իր հեղինակային գաղափարները կիսել է մեզ հետ, և մենք դրանից օգտվել ենք: Չեմ հասկանում, թե այս միջավայրում, երբ բոլորը իրար հայհոյում են, ինչո՞ւ բոլորի կենտրոնացվածությունը եղավ նրա վրա, որ այս տեսահոլովակները նման են: Հաստատ գրագողություն չկա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս