«Բանակը ապաքաղաքական կառույց է, բանակից հեռո՛ւ մնացեք». գնդապետ Պետրոսյան
ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը քաղաքական ուժերին կոչ է անում քարոզարշավի ընթացքում բանակի թեման չշահարկել:
«Բանակը ապաքաղաքական կառույց է, բանակից հեռո՛ւ մնացեք»,- լրագրողների հետ զրույցում գնդապետ Հայկ Պետրոսյանն այս կոչով դիմեց ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերին։
«Ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանն եմ դիմում. զերծ մնացեք Զինված ուժերը քաղաքական շահարկումների և նախընտրական քարոզարշավի թեմա դարձնելուց։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելն ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- ասաց սպան:
Նա մի քանի անգամ կրկնեց, որ այսօր մեր բանակն իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է։ Ուստի խնդրում եմ բոլորին` մի շահարկեք պատերազմական գործողությունները ձեր քարոզարշավներում»,- մեկ անգամ ևս ընդգծեց Պետրոսյանը։
Ներկա զինվորներից մեկը միջամտեց՝ չենք ուզում բանակին ներքաշեն ներքաղաքական պայքարի մեջ:
168.am-ի հարցին՝ իսկ չե՞ք նեղվում, որ բանակի և զինվորների հասցեին իշխանություններից նվաստացուցիչ բաներ են ասվում՝ կոնֆետ փախցնել և այլն, զինվորը պատասխանեց. «Նման բան չի եղել, որ կոնֆետի հետևից վազենք: Մենք չենք նեղվում, որովհետև նման բան չենք արել, ոչ էլ սոված ենք մնացել»: