Պատկերացրեք` համայն հայության բոլոր ուղեղները նստած են մի սեղանի շուրջ ու զրուցում են. Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստանը» կունենա այնքան ուժ, լծակներ, որ կկարողանա չեզոքացնել երկուսին էլ՝ Քոչարյանին ու Փաշինյանին, որպեսզի չդառնան վարչապետ, որովհետև դա բերելու է հանրային բախումների, ատելության քարոզի շարունակության»,-Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ շարունակելով.
«Մենք ուզում ենք չեզոքացնել ատելության գեներատորներին, և մնացած ուժերից, անկախ նրանից կանցնեն խորհրդարան, թե ոչ, հավաքել լավագույն կադրերին, պրոֆեսիոնալներով ձևավորել կառավարություն»:
Գորգիսյանը նշեց՝ պետք է քվերակել հանուն հանրային համերաշխության, հանուն այն ծրագրի, որը ներկայացված է բաժանված բուկլետներում:
Պատասխանելով սոցիոլոգիական հարցումների մասին հարցին՝ պատգամավորը խոստովանեց, որ աշխատում են դրանց մեծ կարևորություն չտալ:
«Նախորդ ընտրությունից առաջ էլ դրանք անհասկանալի էին: Կարծում եմ՝ մեր երկրում սոցիոլոգիան, որպես գիտություն, չի կայացել: «Գելլափի» տվյալներով նախորդ ընտրությունների ժամանակ մեր դեպքում 4 տոկոսի մոտ էին կարծեմ կանխատեսել: 7-ից ավելի հավաքեցինք, այս անգամ ամեն հարցմանը «Լուսավոր Հայաստան»-ի թվերն աճում են:Արդյուքնները կերևան հունիսի 20-ին և դրանից ավելի հավաստի տվյալ մենք չենք կարող ունենալ»,-նշեց Գևորգ Գորգիսյանը:
Դրանից հետո, արդեն քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, պատգամավորը շեշտեց. «Պատկերացրեք, մի պահ, երկրի բոլոր խելացի մարդիկ, համայն հայության բոլոր ուղեղները՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, նստած են մի սեղանի շուրջ և զրուցում են, չեն գոռում, այլ լսում են իրար, չեն հայհոյում, այլ խելք-խելքի տված փնտրում են լուծումներ՝ խնդիրների համար. սա է այն Հայաստանը, որն ուզում ենք կառուցել»: