Բաժիններ՝

G7-ի երկրները պլանավորել են 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ հատկացնել աշխարհի մյուս պետություններին

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են առնվազն 1 միլիարդ չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հատկացնել աշխարհի մյուս պետություններին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ Վաշինգտոնը կորոնավիրուսի դեմ պատրաստուկների 500 միլիոն չափաբաժին կնվիրաբերի մյուս երկրներին, որպեսզի պատվաստանյութերը հասանելի լինեն ամբողջ աշխարհում: Դրանից առաջ Սպիտակ տունը Pfizer եւ BioNTech ընկերությունների հետ համաձայնագիր է կնքել կորոնավիրուսի դեմ նրանց կողմից մշակված պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին ձեռք բերելու շուրջ՝ մյուս երկրներին օգնելու նպատակով:

Ջոնսոնի վարչակազմը ճշտել է, որ 5 միլիոն չափաբաժնից առաջին խմբաքանակն առաջիկա շաբաթներին կմատակարարվի Մեծ Բրիտանիայից, իսկ մնացած ծավալը տեղ կհասնի մինչեւ հաջորդ տարվա կեսերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն սպասում է, որ G7-ի մյուս երկրները նույնպես կխոստանան օգնել պատվաստանյութերի մատակարարման հարցում, քանի որ դա ամբողջ աշխարհին կօգնի վերականգնվել կորոնավիրուսից:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Բայդենի նախաձեռնությունը, հայտարարելով, որ Եվրոպան պետք է նույն բանն անի:

Նրա խոսքով՝ մինչեւ տարեվերջ Ֆրանսիան առնվազն 30 մլն չափաբաժին պատվաստանյութ կհատկացնի աշխարհի մյուս պետություններին:

Անցած շաբաթ Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է «Մեծ յոթնյակի» երկրներին կոչ անել օգնելու բոլոր մարդկանց մինչեւ 2022 թվականի վերջը պատվաստում ստանալ հանուն աշխարհում կորոնավիրուսի համավարակի դեմ հաղթանակի, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս