Սևանում չորս անձի դանակահարության գործով հետախուզվում է երկու երիտասարդ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։
Ինչպես ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, 2021 թ հունիսի 8-ին Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող մանկապարտեզի հարակից տարածքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել չորս համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական ծանր վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով։ Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: