Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հունիսի 9-ին բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Ակներ գյուղի 46-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենան։
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը ձեռք էր բերել Քաշունի բնակավայրի Հատատեղ կոչվող տարածքից:
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: